Search
Close this search box.

ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել» 7-ամյա արցախցի տղային

Գյուղացիների պնդմամբ՝ Արագածավանում անչափահաս երեխային ծեծի ենթարկած ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է հայտնվել նմանատիպ միջադեպի կիզակետում:

Իր ֆեյսբուքյան էջում Սուրեն Թորոսյանը պատմել է այդ միջադեպի մասին:

«Ավտոյով գնում էի Թալին քաղաք, ճանապարհին մի հատ երեխա էր կանգնած, ձեռքը՝ «տնգեց», ես էլ կանգնեցի: Նստեց մեքենան և հարցրեցի՝ ո՞ւր ես գնում, փոքր երեխա էր, պատասխանեց՝ Թալին ֆուտբոլի եմ գնում: Մի տեսակ բարբառով էր խոսում:

Ասեց՝ Ղարաբաղից եմ եկել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝ «դավաճան» Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երևանը տալ: Եվ տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի են, աշխատում են համայնքապետարանում: Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից: Ապշել էի, որ 7 տարեկան երեխան այդպես է խոսում, կանգնել եմ, դուռը բացել եմ և ասել՝ իջի գնա, չոլերի մեջը»,- պատմեց նա:

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ըստ համայնքի բնակիչների, ծեծի էր ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված էր էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։