Search
Close this search box.

Երեկ Երևանում սպանված տղամարդը անցնում էր ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր կրակոցների գործով

Երեկ Երեւանի Կենտրոնում սպանված Վարազդատ Գասպարյանի հայրը՝ Խ.Գասպարյանը իմանալով որդու սպանության մասին, ինքնավնասումներ է կատարել, փորձել է ինքնասպան լինել։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սպանվածի հայրը կրկին գտնվել է բարդ հոգեբանական վիճակում։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

Armlur.am-ը գրել էր, երեկ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ: Սպանվածը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանն է, ով հայտնի է «Գնունեցի Վարազիկ» անունով:

ArmLur.am -ին հայտնի դարձավ, որ մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է եւս մեկ քրեական գործով: Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար:

Մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաեւ Վարազդատ Գասպարյանը, որին երեկ սպանեցին Երևանի կենտրոնում, նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի հուլիսի 18-ին հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն: Այս գործը դեռես դատարանում է քննվում եւ ահա երկու տարին անց մեղադրյալներից մեկին սպանում են այն էլ՝ կրակելով աչքին: