Search
Close this search box.

ԱՄՆ-ը հուսով է` Քիշնևում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կդառնա հարցերի լուծման արդյունավետ քայլ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա բանակցություններից, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե բռնության կիրառմամբ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- նշել է Միլլերը:

Ըստ նրա՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակության, իսկ կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս», իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար:

Հիշեցնենք՝ հունիսի մեկին Քիշնևում նախատեսված է Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։