Search
Close this search box.

Բաքուն կշարունակի առաջ տանել փախստականների թեզը, որպեսզի ստանա նաև Սյունիքը․ Հակոբյան

Պաշտոնական Բաքուն անպայման կշարունակի առաջ տանել փախստականների թեզը, որպեսզի ստանա ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Սյունիքը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Վիճակագրական տվյալներով` Ադրբեջանից հայ փախստականների թիվն ավելի մեծ է եղել՝ մոտ 500 հազար, քան ադրբեջանցիներինը Հայաստանից։

«Հայ փախստականները դժվար թե վերադառնան Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան։ Ադրբեջանցի փախստականների համայնքը բավականին կազմակերպված է, և նրանք այդ հարցով վաղուց են զբաղվում։ Իրենց համար դա ստրատեգիական հարց է, քանի որ ի սկզբանե Սյունիքի նկատմամբ նկրտումներ ունեն»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները կփորձեն առավելագույնը ստանալ Հայաստանից, քանի դեռ պաշտոնական Երևանը գնում է մշտական զիջումների ճանապարհով։
Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ ադրբեջանցի փախստականների Հայաստան գալով` Բաքուն կարող է անվտանգության հարց բարձրացնել` որևէ կոնֆլիկտ սարքել, հետո ասել, որ Հայաստանը չի կարողանում իրենց քաղաքացիների անվտանգությունը պաշտպանել ու դրանով «լեգիտիմ» իրավունք ձեռք բերել, որպեսզի թուրքական որոշ ստորաբաժանումներ գան օգնության։

Նա չբացառեց, որ Հայաստանին սպասում է «Կիպրոսի տարբերակը», այսինքն՝ 2 մասի բաժանվելը՝ թուրքական Կիպրոս, հունական Կիպրոս։

«Մեր պարագայում էլ կլինի թուրքական Հայաստան, հայկական Հայաստան»,– ասաց փորձագետը։
Հակոբյանն ընդգծեց, որ այսօրվա սարսափելի վիճակը, որն առկա է երկրում, դեռ ամենասարսափելին չէ, որովհետև կարող են շատ ավելի բարդ սցենարներ լինել։