Search
Close this search box.

Մաշտոցից մինչեւ Սայաթ-Նովա՝ հանել են դասագրքերից.  երեք տարի առաջ աղմուկ հանած ծրագիրն իրականացրին

Հրապարակը գրում է․
Սեպտեմբերից դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչները, եւ, ինչպես ԿԳՄՍ նախարարն էր նշել, դասագրքերն էլ էականորեն կփոխվեն։ «Պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, որովհետեւ փոխվել են նաեւ չափորոշիչները»,- ասել էր նախարար Ժաննա Անդրեասյանը։ 2022 թ. դեկտեմբերի 1-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարեց դասագրքերի ստեղծման մրցույթ, որի պարտադիր բաղադրիչը մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունն է, որն իրականացվում է 2 փուլով՝ համապատասխանության եւ բովանդակային գնահատման: Դասագրքերի ստեղծման գործընթացը նոր ընթացակարգով իրականացվում է առաջին անգամ։ Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնելու ժամկետն արդեն ավարտվել է, արդյունքները հայտնի կդառնան հունիսին, իսկ դասագրքերը մինչեւ սեպտեմբեր պետք է պատրաստ լինեն։ Կարգի համաձայն՝ նրանք, ովքեր առնչվում են դասագրքերի ստեղծման գործընթացին, այդ հանձնաժողովներում չեն ընդգրկվի։

ԳԱԱ Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանից հետաքրքրվեցինք՝ իրենց կառույցը` առանձին փորձագետների, թե մասնագիտական խմբերի միջոցով, ընդգրկվա՞ծ է դպրոցական դասագրքաստեղծ գործընթացում` թե՛ հեղինակային խմբերում, թե՛ մրցութային հանձնաժողովներում։ «Ոչ, ոչ մի ձեւով էլ ներգրավված չենք»։ Ո՞րն է պատճառը։ «Իսկապես չգիտեմ, երեւի իրենք ունեն իրենց մասնագետները, եւ նրանք բավարարում են իրենց պահանջները: Ամեն դեպքում, մեզ չեն դիմել, երեւի մեր մասնագետներն ակտիվություն չեն դրսեւորում` իրենց չեն դիմում։ Մերոնք, ճիշտն ասած, ավելի շատ գիտական խնդիրներով են տարված, իրենց թեմաներն ունեն եւ ակտիվ չեն կրթական գործընթացներում, բայց եթե առաջարկ լինի, ցանկացողներ կլինեն»:

Վ. Կատվալյանն ընդգծում է, որ իրենք ժամանակին իրենց դիտարկումներն արել են՝ չափորոշիչների հետ կապված։ «Ու հիմա մենք ավելի շատ կցանկանայինք փորձագիտական մասնակցություն հանդես բերել ոչ միայն հայոց լեզվի դասագրքերի, այլ նաեւ մյուս դասագրքերի համար, որովհետեւ հաճախ տեսնում ենք, թե լեզվական առումով ինչքան թույլ են այդ դասագրքերը եւ ինչքան են կաղում: Դպրոց տանել նման լեզվական վիճակով դասագրքեր` ճիշտ չէ, եւ այդ առումով կարծում եմ` ճիշտ կլիներ, որ մեզ ընդգրկեին փորձագիտական աշխատանքներում, ու մենք կարողանայինք շտկել դասագրքերի գոնե լեզվական կողմը: Շատ լավ կլիներ, որ ցանկացած դասագիրք` լեզվական առումով, գար՝ Լեզվի ինստիտուտով անցներ, լինի դա պատմության, աշխարհագրության, թե տնտեսագիտական առարկաների կամ մաթեմատիկայի գծով, որոնք հաճախ կարդում ես ու չես հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Հաճախ երեխաներն ինձ դիմել են, որ այս կամ այն խնդիրն իրենց բացատրեմ, բայց անհնար է եղել լեզուն հասկանալ, թե որն է պահանջը, որն է խնդիրը, ուսուցիչներն էլ իրենց հերթին են բողոքում, որ լեզվականորեն անհասկանալի է: Այսինքն՝ պարտադիր չէ, որ մենք ցանկություն հայտնենք դասագիրք գրել, բայց մենք կարող ենք այդ դասագրքի պատրաստմանը մասնակցել, որպես փորձագետ` գիտական, լեզվական դիտարկումներ կատարելով»: 

Ինստիտուտի տնօրենն ընդգծում է, որ հաճախ դասագրքերում լինում են լեզվական, գիտական բնույթի սխալներ, որոնք դպրոցում ամրապնդվում են աշակերտների մոտ ու հետո այդպես գալիս են բուհական, դրանից հետո էլ` գիտական համակարգ. «Դրա համար մենք դասագրքերի խորհրդատուի դերում կարող ենք հանդես գալ, իսկ դրա համար նախարարությունը մեզ պետք է դիմի, եւ ճիշտ կլինի, որ ակադեմիական հաստատություններն իրենց ոլորտի դասագրքերի մասնագիտական որակն ապահովեն։ Ով էլ ուզում է հաղթի այդ մրցույթում, ճիշտ կլինի, որ լեզվի դասագիրքը գա Լեզվի ինստիտուտ, գրականության դասագիրքը` Գրականության ինստիտուտ, պատմությանը` Պատմության ինստիտուտ, եւ գիտական խորհուրդներով հաստատվեն, որպեսզի ճշգրիտ ձեւով գիտելիքը գնա դպրոց` կրթական համակարգ»:   

Ինչպես օրերս գրել էինք, Հայ գրականության 10-րդ դասարանի դասագրքերից դուրս է թողնվել հայ հին եւ միջնադարյան գրականության բաժինը, ինչը ոչ միայն զայրացրել, այլ նաեւ անակնկալի է բերել դասագրքերի հեղինակներին, քանի որ մեկ տարի աշխատել են ծրագրի վրա, եւ միայն վերջերս է իրենց ասվել, որ այդ հսկայածավալ կրթական նյութը գնալու է կրթահարթակ՝ որպես լրացուցիչ գրականություն: 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից դասագրքերի մրցույթին ներկայացված Հայ գրականության 10-րդ դասարանի դասագրքի այդ բաժինը հեղինակել է գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, ով այդ փոփոխությունը որակեց որպես սարսափելի իրողություն. «Եթե հիշում եք՝ մի քանի տարի առաջ բանավեճ եղավ, երբ ուզում էին առհասարակ հանել միջնադարյան գրականությունը, այն ժամանակ Արայիկ Հարությունյանն էր ԿԳՄՍ նախարարը, հետո ասացին, որ չենք հանում, ուղղակի թյուրիմացություն է եղել, բայց պարզվեց, որ ոչ մի թյուրիմացություն էլ չկա, այլ իսկապես հանում են, ընդ որում՝ ամբողջությամբ թղթային դասագրքից, որը 30 տարի այդպես է լույս տեսել, ու արդյունքում մեր գրականությունը դասագրքերի մեջ սկսվում է Խաչատուր Աբովյանով, ինչը ես համարում եմ ուղղակի խոշոր հարված մեր գիտությանը, կրթությանը եւ ազգային հարստությանը՝ առհասարակ, որովհետեւ այդ բաժինն ընդգրկում է գրերի գյուտից մինչեւ Սայաթ-Նովա։ Դա այն շրջանն է, որ ես եմ գրել ու ցավում եմ ոչ թե նրա համար, որ ես եմ գրել, այլ որ այդ շրջանը թղթային տարբերակով չի լինի: Ցավում եմ, որ այդպիսի վերաբերմունք է ստեղծվել մեր հարստության նկատմամբ, եւ այսօր մենք մեր ձեռքով քանդում ենք մեր գանձարանը»։
Հ. Բախչինյանը խիստ կասկածում է, որ լրացուցիչ գրականության տակ աշակերտները կծանոթանան այդ հեղինակներին. «Այդ լրացուցիչ կոչվածն էլ լրացուցիչ չի լինի, այլ առհասարակ գոյություն չի ունենա, որովհետեւ ոչ մի ուսուցիչ գլուխ չի դնի գրաբարով կամ բարբառով ստեղծված տեքստերի հետ, որքան էլ դրանք համաշխարհային նշանակություն ունեցող երկեր են: Ի դեպ, այդտեղ Նարեկացին է, Շնորհալին, մեր տաղերգությունը, շարականագրությունը, պատմագրությունը, եւ հանկարծ դա շպրտվում է, չեմ էլ ուզում ասել` աղբանոց, բայց խցկվում է մի տեղ, որտեղից ոչ մեկն էլ չի ուզի հանել»:

Մեկ տարի առաջ, երբ աշխատում էին դասագրքի վրա, չգիտեի՞ն, որ այդ հսկայածավալ բաժինը դուրս է մնալու դասագրքից։ «Ոչ, չգիտեի, որովհետեւ ես դա տպագրել եմ դեռեւս 1992-ին եւ ունեցել եմ ծրագիրը՝ բոլոր փոփոխություններով, ենթադրենք՝ մի հեղինակ մտել է, մի հեղինակ դուրս է եկել, բայց հանդուրժել ենք։ Օրինակ, Կոստանտին Երզնկացին չեն ուզում լինի, թեեւ զարմանալի է`ինչու չեն ուզում. առաջին սիրո երգիչն է, կամ՝ Շնորհալին դուրս եկավ մի շրջան, ու դրա համար շատ-շատ պատկերացնում էինք, որ այդպիսի լոկալ փոփոխություններ կարող են լինել, բայց որ առհասարակ ամբողջ միջնադարյան գրականությունը` Մաշտոցից մինչեւ Սայաթ-Նովա, կհանվի ու կդիտարկվի որպես լրացուցիչ կրթանյութ, դա, իհարկե, չէինք սպասում»,-ասում է Բախչինյանն ու հավելում, որ իր կազմած ծրագիրը փոխանցել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը, որտեղ խմբագրել, սրբագրել են այն, բայց հանկարծ` վերջին մեկ ամսում տեղեկանում է, որ հայ հին եւ միջնադարյան գրականության բաժինը չի լինելու հիմնական դասագրքում:

Հեղինակն ընդգծում է` անձնական գործոն չկա այստեղ, որ եթե ինքն է հեղինակել, ուրեմն թող լիներ դասագրքում, ինքը պարզապես մտահոգվում է մեր երեխաների կրթության, վաղվա օրվա մասին. «Որովհետեւ երեխաներն առանց այն էլ նորմալ չգիտեն Մաշտոցին, Շնորհալուն, Քուչակին, այս դեպքում, երբ նրանց դարձնում են լրացուցիչ կրթանյութ, դրանով այդ հեղինակներին մոռացության են մատնում»: 

Հունիսին պարզ կլինի, թե որ հրատարակչությունների դասագրքերն են հաղթել մրցույթում. «Բայց դա, ըստ էության, կարեւոր չէ, որովհետեւ չափորոշիչները նույնն են մնում, անկախ նրանից՝ այդ դասագրքի հեղինակը ես լինեմ, թե` Պողոս Պողոսյանը, նշանակություն չունի, որովհետեւ, բոլոր դեպքերում, միջնադարը մնում է որպես լրացուցիչ նյութ»: 

Դասագրքերի մրցույթին հայտեր են ներկայացրել «Անտարես», «Զանգակ», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները.

«Ընդ որում՝ հնարավոր է, որ անհատական ձեւով էլ հայտեր ներկայացրած լինեն, ոչ թե միայն հրատարակչության միջոցով»: Հ. Բախչինյանը չի ուզում եւ չի էլ կարծում, որ աղմուկ բարձրացնելով՝ որեւէ արդյունքի կհասնեն. «Ես իմ ամբողջ լավատեսությամբ՝ անհույս եմ այդ հարցում: Հույսս կորցրել եմ, բայց երեւի այդպես ճիշտ չէ, եւ պետք է պայքարել»: