Search
Close this search box.

ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը

Պետական եկամուտների կոմիտեն պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է «Հետք» պարբերականը։
Նախագծանախահշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմում է 28 մլն 291 հազար դրամ։

ՊԵԿ-ը գնումն իրականացրել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, որի անցկացման թույլտվությունը կառավարությունից ստացել էր 2023 թվականի ապրիլի 21-ին` գործադիրի ընդունած որոշմամբ։ Նախագծի կազմումից հետո սկսվելու են շինարարական աշխատանքները, որոնք իրականացնելու է «Արտկոն» ՓԲԸ-ն։
Այս ընկերությունն, ի դեպ, կառուցել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը:

ՊԵԿ–ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը
Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով, ըստ ՊԵԿ-ի, կազմելու է 732 մլն 805 հազար դրամ։

ՊԵԿ-ի և «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ «Մարգարա» մաքսակետում նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, ավտոմեքենաների ձևակերպման 2 տաղավար, հերթափոխի հանգստի 2 տաղավար, մեկհարկանի զննման մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներտարածքային ճանապարհներ, 2 հսկիչ-անցագրային կետ և մեկհարկանի պահեստային մասնաշենք։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ նախագիծը մշակող «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականի փետրվարի 15-ին։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը ճարտարագետ Արբակ Հովհաննիսյանն է։

ՊԵԿ-ի և «Արբակ և որդիներ» ընկերության միջև կնքված պայմանագիրը հրապարակվել է Ֆինանսների նախարարության armeps.am էլեկտրոնային հարթակում։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ավելի ուշ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնություններով հայ-թուրքական սահմանը մինչև ամառ նախատեսվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար: