Search
Close this search box.

Վարդան Ղուկասյանը՝ իրեն էքստրադիցիայի ենթարկելու մասին. ԼՈՒՐԵՐ.com

«Քննչական կոմիտեի տարածած նամակագրությունների սքրինշոթերն ինձ հետ կապ չունեն։ Ես նախաքննական մարմնի փոխարեն գնացել եմ հեռախոսահամարների հետքերով և պարզել, թե ում են դրանք պատկանում»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ մեկնաբանելով երեկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ նրա նկատմամբ հանրային հետախուզում է հայտարարվել, և իրեն ՀՀ-ին փոխանցելու միջոցներ են ձեռնարկվել, քանի որ հարուցված քրեական գործով փաստական ապացույցներ կան:

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ինքն է խնդրել, որ դատարանը նամակագրությունների սքրինշոթերը փոխանցի իրեն, այնուհետև առաջինը ինքն է տարածել իր հանրային հարթակներում. «Դատարանի կողմից ինձ ուղարկված սքրինշոթերը ինձ համար խիստ նորություն էին, քանի որ հեռախոսահամարները, որոնցով նամակագրություն է եղել, ինձ հետ որևէ առնչություն չունեն: Դատարանը դա ընդունել է՝ որպես իրեղեն ապացույց, նախաքննական մարմնից չի պահանջել պարզել՝ արդյո՞ք դրանք Վարդան Ղուկասյանին են պատկանում, կամ նա օգտվե՞լ է դրանից։ Արդյո՞ք հարցում արվել է Ռուսաստանից՝ պարզելու՝ ում անունով են դրանք գրանցված, թե՞ ոչ: Ես իմ կապերով և ծրագրով, որը հնարավորություն է տալիս տեսնելու՝ ինչ անունով է այն գրանցված այլ հեռախոսներում, պարզել եմ՝ ում են դրանք պատկանում։ Պարզվեց՝ ֆիքսված է ոմն Արամի անուն: Մինչ ՔԿ-ն կհայտարարեր դրա մասին, հեռախոսահամարների տերերի անուններով, գրանցված հասցեներով ուղարկել եմ ՔԿ, որ գնան ՌԴ և իրավապահների հետ համագործակցելով՝ պարզեն՝ ով են և որ ինձ հետ կապ չունեն: Եթե Տիգրան Արզաքանցյանն ինչ-որ մեկին 2000 դոլար է փոխանցել, ում անունով է փոխացել, թող գնան գտնեն տվյալ անձին: Այն, ինչ պետք է անի նախաքննական մարմինը, անում եմ ես՝ փորձելով ապացուցել իմ անմեղությունը»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ երեկ դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին, որպեսզի գտնեն անձանց, որոնց պատկանում են հեռախոսահամարները:

Նա վստահեցրեց, որ ինքը Տիգրան Արզաքանցյանի հետ երբևէ նամակագրություն չի ունեցել և չի բացառում, որ ինչ-որ մեկը ՌԴ-ից իր անվան տակ Տիգրան Արզաքանցյանի հետ վարել է նամակագրություն՝ օգտագործելով իր լեքսիկոնից որոշ բառեր. «Նամակագրություն վարողը կորզել է 2000, թե 5000 դոլար յութուբյան ալիքից Տիգրան Արզաքանցյանի վերաբերյալ տեսանյութ հեռացնելու համար: Իմ յութուբյան ալիքից երբևիցե ոչինչ չի հեռացվել մինչ այն պահը, երբ իմ յութուբյան ալիքը փակվեց ՀՀ իշխանությունների ջանքերով: Թե ում, որքան գումար է փոխանցվել, նախաքննական մարմինը պետք է հետքով գնար, հասներ Ռուսաստան, բայց չգիտեմ՝ ինչու չի գնացել»,- նշեց նա:

Վարդան Ղուկասյանը բացատրեց՝ որքանով է իրատեսական իրեն ՀՀ-ին փոխանցելու ՔԿ-ի ջանքերը՝ ընդգծելով, որ ՔԿ-ն էքստրադիցիայի հայտարարությամբ փորձեց խաղալ հանրության գիտակցության հետ. «Եթե վերցնենք, որ Արգիշտի Քյարամյանն իմ գտնվելու վայրը ֆիքսել է Միացյալ նահանգները, ապա առաջինը՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև էքստրադիցիայի պայմանագիր գոյություն չունի: Երկրորդ՝ Վարդան Ղուկասյանն ունի ՌԴ-ի անձնագիր, երրորդ՝ ՀՀ-ում հարուցված գործը պետք է քննվի այն երկրում, որտեղից պետք է անձը լինի էքստրադիցիա: Չորրորդ՝ գործը հարուցվել է մեկ մարդու ցուցմունքով՝ առանց ապացուցողական բազայի: Դուք մարդասպաններին, փողերի լվացման մեջ մեղադրվողներին, լուրջ հանցագործներին էքստրադիցիա չեք կարողանում անել անգամ ՌԴ-ից, էս ի՞նչ եք հայտարարում: Արգիշտի Քյարամյանն ասում է՝ բերում եմ։ Որ էդպիսի օրենք չկա, ո՞նց ես բերում: Ինֆորմացիան այն տիպի էին տարածել, ոնց որ ինքնաթիռը կանգնած է հիմա, Վարդան Ղուկասյանը նստում է ու գա Հայաստան»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:

Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Տիգրան Արզաքանցյանի հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին: Պատրատ ենք նաև հրապարակել նրա տեսակետը: