Search
Close this search box.

Պեսկովը՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին

Ոչ ոք չի շտապում, բայց տեսանելի ապագայում Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, երեկ նախագահ Պուտինը, (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիեւը եւ վարչապետ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին եւ հանձնարարականներ տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում եւ կհղկեն այն խնդիրները, որոնք կան, կա սկզբունքային ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք, բայց մենք դեռ պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագիր ստորագրումից առաջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն եւ կքննարկեն Ղարաբաղի վերաբերյալ տեխնիկական հարցերը։ Նա պարզաբանել էր, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», ուստի «աշխատանքային մակարդակում այլեւս չպետք է ստեղծվեն արհեստական ​​խոչընդոտներ»։

«Ամեն ինչ մինչեւ վերջ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարեւորն ամեն դեպքում վերջնական արդյունքն է։ Ոչ ոք չի շտապում։ Եվ հենց այդ նկատառումներով, դժվար թե հիմա ինչ-որ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայամանգրի ստորագրման ճշգրիտ օրը։ Թեեւ, նորից, ինչպես երեկ հանդիպման ժամանակ ասվեց, այժմ շատ առումներով փոխվել են հանգամանքները եւ փաստացի հայեցակարգային առումով։ Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր»,- մանրամասնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։