Search
Close this search box.

Մոսկովյան եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց որևէ փաստաթղթի

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում որևէ հայտարարություն չի ընդունվել։

Մայիսի 25-ին Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հայաստանի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»։

Ռուսական «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, նախօրեին գրել էր, որ նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում։ Առաջինը, ըստ պարբերականի՝ վերաբերելու էր տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, երկրորդը պետք է լիներ Փաշինյան-Պուտին-Ալիև թվով 5-րդ համատեղ հայտարարությունը։

ՌԻԱ Նովոստին փոխանցում է՝ եռակողմ հանդիպումը տևել է 20 րոպե։

Հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահն իր ելույթում նշել է, որ այս ֆորմատով հանդիպումների ընթացքում կողմերին հաջողվել է «շատ բանի հասնել»։ Նրա խոսքով՝ 2020-ի նոյեմբերին ստորագրված փաստաթղթով ոչ միայն դադարեցվեցին ռազմական գործողությունները, այլև սկսվեցին աշխատանքները տարածաշրջանի ապաշրջափակման և սահմանազատման ուղղություններով։ Պուտինը արձանագրում է՝ «չնայած խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ»։

«Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով աշխատանքն է։ Մինչ օրս կան չկարգավորված հարցեր, բայց, իմ կարծիքով, մենք այդ մասին խոսել ենք թե ադրբեջանական կողմի, թե հայկական կողմի գործընկերների հետ, դրանք զուտ տեխնիկական բնույթ են կրում։ Հարցը տերմինաբանության մեջ է։ Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է ՌԴ ղեկավարը։