Search
Close this search box.

Սամվել Բաբայանը փակագծեր է բացում

Ի պատասխան մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների պահանջի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր խորհրդակցություններ և քննարկումներ սկսել։ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդունել էր նախագահի առաջարկն ու հայտարարել տասնօրյա քննարկումների մասին։

«Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։

Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ձեր կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ Ձեր առաջարկներին նույն օրն արձագանքեց Հանրապետության նախագահը՝ նշելով, որ այդ առթիվ կանցկացնի քաղաքական քննարկումներ և կհայտնի իր որոշման մասին: Արդյո՞ք հանրահավաքը հասել է նպատակին։

Հաշվի առնելով Արցախի շուրջ սեղմվող օղակը՝ մենք նախաձեռնել էինք հանրահավաք և պահանջել քաղաքական պատասխանատվություն։ Նախքան մեզ, թվաքանակով ավելի փոքր և ավելի մեծ հանրահավաքներ են կազմակերպվել, որոնք, ինչպես գիտեք, որևէ արձագանք չեն գտել։ Առաջին անգամն է, որ հանրային պահանջով ձևավորել է քաղաքական օրակարգ, որի հետ հաշվի է նստել Նախագահը և սկսել խորհրդակցություններ։ Այսինքն՝ առաջին փուլում մենք լուծել ենք մեր առջև դրված խնդիրը։

Այսօր տասներորդ օրն է: Ի՞նչ պատասխան ունեք Նախագահի կողմից:

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երկու հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած ձևաչափի կառույցի շրջանակում ստանձնելու քաղաքական երկրորդ ուժին վերապահված պատասխանատվության բեռը։

Մասնավորապես, առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկը։ Ըստ էության, միշտ դեմ եմ եղել նման կառույց ունենալուն, քանի որ այդպիսով զրոյացվում են Արցախի քսանհինգամյա իրավաքաղաքական ձեռքբերումները։ Սակայն, քանի որ կառավարող ուժն արդեն համաձայնել էր Արցախի ողջ քաղաքական դաշտի՝ նման կառավարման համակարգ ունենալու պահանջին, որոշել եմ ինքս էլ ընդառաջել։ Այս որոշման պատճառը բացառապես Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համատեղ ելքեր գտնելն է, որի մասին հանդիպումից հետո հայտարարել եմ նաև հրապարակավ։ Իմ այդ հայտարարությունից հետո նույն ուժերը, որոնք երկու տարի շարունակ Նախագահից պահանջում էին ՊՊԿ ստեղծել, հրաժարվեցին իրենց իսկ գաղափարից։

Երկրորդ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակը՝ հարցնելով իմ տեսակետը։ Գնահատելով դրա ներքին և արտաքին ռիսկերն ու հետևանքները, միևնույն ժամանակ գիտակցելով այդ հարցում իմ աջակցության կարիքը, կրկին որոշել եմ ընդառաջել՝ դուրս գալու ստեղծված փակուղուց։ Այս տարբերակը ևս չեղարկվել է, տեղյակ չեմ՝  ներքին, թե արտաքին անհամաձայնությամբ։

Երրորդ հանդիպումը, որի ընթացքում տրամաբանորեն պետք է քննարկվեր վերջին տարբերակը՝ Նախագահի հրաժարականը, տեղի չի ունեցել։

Քաղաքական կոնսուլտացիաները Ա․ Հարությունյանն ամփոփել է մայիսի 23-ի ուղերձով՝ չեղարկելով իր իսկ կողմից առաջարկված ՊՊԿ ստեղծելու կամ վստահության հանրաքվե անցկացնելու կամ հրաժարական ներկայացնելու տարբերակները և Արցախի ներկայի ու ապագայի միանձնյա պատասխանատվությունը վերապահել իրեն։

Դատողությունները թողնում եմ ընթերցողին։

Ի՞նչ կառանձնացնեիք Հանրապետության նախագահի  ուղերձից։ Արդյո՞ք բավարարված եք ուղերձի շեշտադրումներով:

Նախագահը, ուղերձի բովանդակության խորհրդատուների առաջարկով, ձեռքը սեղանին և ոտքը գետնին է զարկել՝ հայտարարելով իր՝ թիվ մեկ պատասխանատու լինելու մասին։ Հուսամ՝ նման առաջարկներ ընդունելու հետևանքները վերահսկելի են լինելու։ Պատերազմի ընթացքն ու հետպատերազմյան ժամանակահատվածը, սակայն, վկայում են, որ Նախագահը չունի գաղափարական գործադիր թիմ, որի վրա պիտի հենվի միանձնյա պատասխանատվություն կրելիս։ Կառավարության անդամները, հնարավոր է, անհատապես մարդկային  և մասնագիտական բավարար ներուժ ունեն, սակայն նրանց չի միավորում ընդհանուր գաղափարը։

Բացի այս, այդպիսի ուղերձներ բազմիցս են եղել, որոնք, սակայն, գործնականում չեն վերածվել ծրագրային ռազմավարությունների։ Իսկ դրա պատճառը պետք է փնտրել Արցախի ներքաղաքական խոհանոցում, որը գործում է կարապի, խեցգետնի և գայլաձկան՝  անկանոն գործողություններով սայլը տեղից շարժելու սկզբունքով։

Ո՞րն է լինելու Ձեր անելիքը, ի՞նչ գործողություններ սպասել:

Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Ես շարունակում եմ հանդիպում-քննարկումներ ունենալ հանրության բոլոր շերտերի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու իմ պատկերացումները։ Ժողովուրդը պետք է հավատ ունենա, ընդունի մեր կողմից առաջարկվող ծառայությունը։ Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան։