Search
Close this search box.

Չի քննարկվում ու չի էլ կարող քննարկվել գյուղից դուրս գալու հարց․ Բաղանիսի վարչական ղեկավար

Մեզ մոտ՝ գյուղում, որևէ բան չի փոխվել ոչ մինչև երեկ, ոչ էլ եերկվանից հետո․ Ադրբեջանին հանձնելու, այսպս կոչված, անկլավ չունենք, չի կարող անգամ նման հարց քննարկվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։

Ոչինչ չի փոխվել գյուղում, բնակիչների տրամադրություններում։ Որևէ մեկը չի էլ մտածում, որ կարող է թողնել դուրս գալ։ Բոլորս մեկ մարդու պես կանգնած ենք, ու որևէ մեկը չի էլ մտածում գյուղից դուրս գալու մասին։ Մեր գյուղում ապրում ենք, աշխատում ենք ու այստեղ էլ մնալու ենք։ Ոչ քննարկվում, ոչ էլ կարող է քննարկվել դուրս գալու, գյուղը թողնելու հարց»,-ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Վարչապետի երեկվա այն հայտարարությանը, թե, իբր, ժողովուրդն է խաղաղության օրակարգ առաջադրել, Սահակյանն այսպես արձագանքեց․ «Խաղաղությունն էլ պետք է լինի արժանապատիվ։ Մեզ պետք չի մուրալով բերված «խաղաղությունը»։ Պետք է այնքան ուժեղանանք, որ ինքներս մեր պայմաններով պարտադրենք Ադրբեջանին խաղաղություն։ Պարտություններով, զիջումներով խաղաղություն չի լինում երբեք»։

Ինչպես արդեն հայտնել ենք` Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, անկլավները` նշելով, որ սահմանագծումն իրականացվելու է 1975թ. քարտեզով:

Բաղանիսը ևս, որպես անկլավ է դիտարկվում և եթե սահմանազատում իրականացվի 1975թ․ քարտեզով, ապա այդ գյուղը ևս, ըստ Փաշինյանի, պետք է հանձնվի Ադրբեջանին։