Search
Close this search box.

Գայանե Մարտիրոսյանը պետք է լինի ազատության մեջ, և նա ամեն ինչ կբացատրի. հայտարարություն

Գայանե Մարտիրոսյանը պետք է լինի ազատության մեջ, և նա ամեն ինչ կբացատրի: Այս մասին հայտարարություն է տարածել «ՄԻԱՍՒՆ» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը:

Հայտրարությունում ասվում է. «ՄԻԱՍՒՆ» շարժումը կոչ-պահանջով դիմում է ՀՀ դատախազությանը և Վերաքննիչ քրեական դատարանին՝ չեղարկել հանուն հայրենիքի իր կյանքը զոհաբերած պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, մեկ ամսով կալանավորելու ծայրահեղ վտանգավոր հետևանքներով լի որոշումը։ Համոզված ենք, որ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյահոգեբանական տեսանկյուններից հերոսածին մոր կալանքը, իբրև դրա հիմնավորում առաջ քաշված պնդումները, ինչպես նաև Գայանե Հակոբյանին առաջադրված մեղադրանքի որակումը և ծավալը բացարձակ անիրավաչափ են, դրանց հիմքում ընկած է տուժող ճանաչված Աշոտ Փաշինյանի ընտանիքի անդամի բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքը, որն ուղղակի ազդել է կալանքի պահանջը ձևակերպած դատախազների և այն ընդունած դատավորի վրա։

«ՄԻԱՍՒՆ» շարժումը պնդում է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է դատական մարմինների անկախությունը գործադիր իշխանությունից, «հեռախոսային արդարադատության» բացառումը։ Անկախ Աշոտ Փաշինյանի հոր վարչապետ լինելու հանգամանքից՝ ստեղծված դատաիրավական թնջուկը պետք է հանգուցալուծվի ՀՀ օրենքների տառին և ոգուն համապատասխան։ Հայ հասարակությունը ՀՀ դատախազությունից և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում և ակնկալում է անկողմնակալ մոտեցում, փաստերի անաչառ գնահատում, հարգանք պետության և ազգի հիմք հանդիսացող ընտանիքների հանդեպ։ Զերծ մնացե՛ք ճնշումներից․ Ժորա Մարտիրոսյանի պես որդի ծնած և դաստիարակած կինը չի կարող առևանգել որևէ մեկին, սպառնալիք դառնալ նրա համար։

Եռաբլուր այցելելու և հերոսների շիրիմների առջև կանգնելու առաջարկը առևանգում չէ, իրականության հետ բարոյահոգեբանական առերեսման տարբերակ է։ Գայանե Հակոբյանը պետք է լինի ազատության մեջ ։