Search
Close this search box.

Դատական նիստի ժամանակ տիկին Գայանեի վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել

Դատական նիստի քննության ընթացքում առողջական վիճակը վատացել է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Շտապօգնության անձնակազմ է հրավիրվել, բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նիստը շարունակել ենք: Առողջական վիճակը վատ է, ինքնազգացողությունը վատ է, նա շարունակում է հացադուլը»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։