Search
Close this search box.

«Իրավունք». Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է․ Հովիկ Աղազարյանը՝ կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց.

— Իսկ ինչո՞ւ եք այդ հարցով ինձ դիմում:

— Խոսքը Ձեր տիկնոջ մասին է:
— Կա համապատասխան վարչություն ԱԺ-ում, դիմեք, թող պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ Ձեր հարցի հետ:

— Ուղիղ կապ, պարոն Աղազարյան, հարցը անմիջականորեն Ձեր տիկնոջն է վերաբերվում, ուստի նպատակահարմար գտանք անձամբ Ձեզանից ճշտել:
— Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցն ինձ տալու հարց չի:

— Այսինքն՝ ո՛չ հաստատում եք, ո՛չ՝ հերքո՞ւմ:
— Այսինքն` չեմ պատասխանում:

— Լավ, պարոն Աղազարյան, կասեք ի՞նչ միջոցներով եք նորակառույց թաղամասում բնակարան գնել:
— Բնակարանը ձեռք ենք բերել 63 հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք: Այս պահին դեռ հիսուն հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու մեջ:

— Որտե՞ղ է գտնվում Ձեր բնակարանը ու քանի՞ քառակուսի մետր է:
— «Անի» թաղամասում, մնացածը իմ անձնականն է, մի մտեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։