Search
Close this search box.

Արցախի պետնախարարը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Թեև հավաքը մասնակիցների թվի առումով համոզիչ չէր, այդուհանդերձ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ու լսել Ս.Բաբայանի առաջարկներն ու ծրագրերը:

Սամվել Բաբայանի հավաքից հետո կրկին շրջանառության են դրվել Արցախի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ամենատարբեր վարկածներ: Նշվում է, թե Արցախում մտավախություններ կան, որ տասնօրյա ժամկետում Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով Սամվել Բաբայանի ազգականն է, նշանակվելու է գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ Սամվել Բաբայանը նշանակվելու է պետական նախարար:

ArmLur.am-ը կապ է հաստատել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ և առաջարկել մեկնաբանություն տալ վերը նշվածի կապակցությամբ, ինչին ի պատասխան պետական նախարարը նշեց հետևյալը. «Սամվել Բաբայանի հետ որևէ հարաբերություն կամ շփում չունեմ, ընդամենը մեկ անգամ եմ նրա հետ հանդիպել, նրա հետ որևէ ազգակցական կապ չունեմ՝ ոչ մոտիկ, ոչ հեռու, նման հայտարարությունները ակնհայտ սուտ են: Ես զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը, որևէ այլ տեղ տեղափոխվելու նպատակ և մտադրություն չունեմ: 

Մոտավորապես պատկերացնում եմ, թե ովքեր են նման լուրեր տարածողները, բայց զերծ կմնամ մեկնաբանություններից: Երբ որոշ շրջանակներ ներքին պառակտում հրահրելով ու բամբասանքներ տարածելով համերաշխություն, միասնություն, արդարություն և հայրենիքի փրկություն են գոչում, այդ ընթացքում Արցախի կառավարությունը լուռ աշխատանքով փորձում է թեթևացնել Արցախի ժողովրդին պատուհասած խնդիրները, լուծել բազմաթիվ պրոբլեմները: Հավատացեք, որքան էլ զարմանալի թվա, կան մարդիկ ու շրջանակներ, որ այդ աշխատանքը, հատկապես արդյունավետ աշխատանքը ծանր են տանում, այդ պատճառով պարբերաբար պատմություններ են հորինում:

 

Շատերը պատկերացում չունեն, թե մենք ինչ դժվարություններ ենք ստիպված հաղթահարել այս վիճակում, և ինչ ծավալի աշխատանք է կատարվում մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար, բայց երբ այդ ամենին զուգահեռ նման քայլեր են արվում, ուղղակի հիասթափվում ես ոմանցից»: