Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՔՊ-ում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է անցկացնելու Դիլիջանում:

Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ թեեւ ժողովի օրը դեռ հստակեցված չէ, բայց կուսակցությունում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում:

ՔՊ-ակաները հրավիրյալների ցանկն են հստակեցնում, ժողովի օրակարգի շուրջ են քննարկումներ անում, ինչպես նաեւ ժողովի անցկացման համար հյուրանոց են փնտրում:

Իշխանականները ջանք չեն խնայում, որ կուսակցության քաղաքական ժողովը բարձր մակարդակով անցնի, որպեսզի վարչության կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը գոհ մնա իրենցից:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՔՊ ժողովի անցկացման համար, որոնք տեսանելի են քաղաքում:

«Համենայնդեպս ես տեղյակ չեմ այդ ամենի մասին»,-ասաց քաղաքապետը՝ խուսափելով կոնկրետ հարցերի պատասխանելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում