Search
Close this search box.

«Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին, իսկ հետո կտեսնենք»․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ նույնն է անում, բայց Արցախն ունի իր սեփական տարածքն ու կարգավիճակը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ազգայի ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը։

Միշելը երեկ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է. խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։

«Արցախը գտնվում է իր տեղում, այնտեղ, որտեղ եղել է։ Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հիմա էլ նույնն է անում, բայց Արցախն ունի իր սեփական տարածքն ու կարգավիճակը։ Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին, իսկ հետո կտեսնենք»,– նշել է Քոչարյանը։

Նա շեշտեց` այն, ինչ մերն է (Հայաստանինը. խմբ.), ուրեմն մերն է։ Հարցին` արդյոք Արցախը մերն է, Քոչարյանը պատասխանեց` այնտեղ ապրում է մեր բնակչության զգալի մասը` 120.000 հայորդի։

«Արցախը մերն է, քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է այնտեղ, երբ չապրի, այդ ժամանակ դժվար է ասել։ Այսօր պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ` իրենցը, բայց այնտեղ գտնվում է նաև Լեռնային Ղարաբաղը, որն իր կյանքը կառուցել է` ելնելով իր հռչակած չափորոշիչներից։ Այժմ բանակցություններ են ընթանում»,– ընդգծել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Նա արձագանքեց նաև ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի այն հայտարարությանը, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։

«Ես գիտեմ, որ հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն, և ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի մի շարք տարածքներ, և նորից կրկնում եմ` այն, ինչ մերն է, մերն է։ Եվ ուշ թե շուտ պետք է ամեն ինչ հանգի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն այդ սահմանները անձեռնմխելի են»,– ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի և Միշելի բանակցությունները կայացել են Բրյուսելում մայիսի 14-ին։