Search
Close this search box.

Ուկրաինական զորքերն ակտիվացել են շփման գծի ամբողջ երկայնքով

Ուկրաինական զորքերն ակտիվացել են շփման գծի ամբողջ երկայնքով, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Սա դեռ այն հակահարձակումը չէ, որի մասին շատ է խոսվում, բայց մենք տեսնում ենք, որ հակառակորդը փորձում է հետախուզել մեր դիրքերը՝ որոշ հատվածներում ուժով հետախուզություն իրականացնելով»,- ասել է շրջանի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ԴԺՀ-ի իշխանությունները պատրաստ էին դեպքերի նման զարգացմանը, իրավիճակն ավելի է բարդացել որոշ հատվածներում, բայց ընդհանուր առմամբ այն վերահսկելի է։

Խոսելով Բախմուտում տիրող իրավիճակի մասին՝ Պուշիլինն ասել է, որ այնտեղ «բարելավումներ կան»։ «Վագներ» խմբավորման ստորաբաժանումները առաջ են շարժվում և քաղաքի ազատագրումը հասցնում են իր տրամաբանական ավարտին», — եզրափակել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատարը։

Ուկրաինական բանակի մոտալուտ հակահարձակման մասին բազմիցս հայտարարվել է ինչպես Կիևում, այնպես էլ Արևմուտքում։ Հարվածային ուղղություններից մեկը նշվում է Զապորոժիեի շրջանը՝ նպատակ ունենալով հասնել Ազովի ծովի ափ՝ դեպի Ղրիմ ցամաքային միջանցքը կտրելու համար։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ հակահարձակման նախապատրաստությունը շարունակվում է, Ուկրաինայի զինված ուժերը «գրեթե պատրաստ են հաջողության»։

Միաժամանակ նա խոստովանել է, որ ձախողման դեպքում Ուկրաինան և մի քանի այլ երկրներ կմտածեն խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։