Search
Close this search box.

Ձեռք է բերվել ըմբռնում, որ մոտակա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն. Միշել

Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ «ձեռք է բերվել ըմբռնում, որ մոտակա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն»։

«Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են մյուս կողմը, նախկինի պես ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզման և ականազերծման աշխատանքների ակտիվացման կարևորությունը», հայտարարել է նա։

Ըստ նրա, կողմերը նաև մտքեր են փոխանակել «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության մասին»։

«Ես կոչ արեցի Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մասնակցել այդ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու նպատակով դրական օրակարգի մշակմանը։ Նաև առաջադրեցի Բաքվի և այդ բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության հարցը»,- ասել է Շարլ Միշելը։

«Կարծում եմ, որ կարևոր է ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից, գործել բարեխիղճ և առաջնորդություն դրսևորել փոխընդունելի որոշումների հասնելու համար։

ԵԽ-ն թաքուն օրակարգ չունի։ Մեր միակ նպատակը Հայաստանին և Ադրբեջանին օգնելն է հասնելու համապարփակ և արդարացի խաղաղությանը։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ նրանց համատեղ ջանքերում։ Մենք պայմանավորվել ենք հանդիպումներ անցկացնել Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները Բրյուսելում կրկին կհանդիպեն հուլիսին։ Եվ ինչպես արդեն հրապարակավ հայտարարվել էր, մենք նաև կհանդիպենք մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ միասին Քիշնևում Եվրոպական քաղաքական ընկերակցության 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Ես նաև մտադիր եմ առաջնորդներին համանման մի այլ հանդիպման հրավիրել Գրանադայում հոկտեմբերին կայանալիք EPC-ի երրորդ գագաթնաժողովին» :