Search
Close this search box.

Ի՞նչ է պատահել Լուկաշենկոյին

Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մինսկում Պետական դրոշի, զինանշանի և օրհներգի օրվա տոնակատարության ժամանակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից ելույթ է ունեցել հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ինքը Լուկաշենկոն ներկա չի գտնվել միջոցառմանը։

Այս փաստը ենթադրությունների տեղիք է տվել, որ Լուկաշենկոն վատառողջ է։

Բելառուսական մի քանի անկախ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահը հանրաության առջև չի հայտնվել մայիսի 9-ից, երբ մասնակցում էր Մոսկվայում անցկացվող Հաղթանակի շքերթին։

Դեռ Մոսկվայում նախագահի նկատել էին ձեռքի վրա վիրակապով։ Նա նաև չէր մասնակցել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ ոչ պաշտոնական ընթրիքին։

Վերջին անգամ Լուկաշենկոյին հրապարակավ տեսել են մայիսի 9-ին՝ Մինսկում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ ևս նա ելույթ չի ունեցել։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, թե Լուկաշենկոն հիվանդանոցում է, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։