Search
Close this search box.

Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում վճարված և Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը. «Մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, իսկ նորերը չեն ստեղծվել»,-«Новая газета Европа»-ին տված հարցազրույցում նշել է Գրիգորյանը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անի Երևանն այս իրավիճակում, Գրիգորյանն ասել է. «Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարում, որովհետև մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ենք և ինչի դիմաց վճարել ենք Ռուսաստանին»։

Ճշտող հարցին՝ խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասի՞ն է, որը մինչ օրս փակված չէ, Ախ քարտուղարը պատասխանել է․ «Այն միակը չէ, մի քանի նման պայմանագրերի մասին է խոսքը։️ Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Սակայն այն չի աշխատել:

Գնդակոծություններ և սադրանքներ լինում են ոչ միայն այն ժամանակ, երբ մենք բանակցում ենք Արևմուտքի հետ: 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը, մենք ասում էինք, որ սա ներքին ժողովրդավարական գործընթաց է, դա արտաքին քաղաքականության վրա չի ազդելու։ Եվ մենք շարունակեցինք աշխատել Ռուսաստանի հետ, բայց դա մեր անվտանգություն չերաշխավորեց. մենք ունեցանք 2020 թվականի պատերազմը»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

«️Դեկտեմբերի սկզբից Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում ասում է, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են, բայց մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին: Նրանք հույս չունեն, որիենց կփրկեն, ուստի երկրորդ շանսը՝ միջազգային համայնքն է,- եզրափակել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: