Search
Close this search box.

Սոթքում բաց հանքի շահագործումը կդադարեցվի, կլինեն կրճատումներ

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, քանի որ պաշարները սպառվում են։ Տեղեկությունն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
«Կազմակերպությունը նախատեսել էր դադարեցնել աշխատանքները դեռ անցած տարի աշնանը, բայց մենք բանակցեցինք և պնդեցինք, որ աշխատողներին պահեն մինչև այս տարի ամառ, որից հետո պետք է սկսեին կրճատումները»,–նշեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ այս պահին էլ աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ` չնայած այն բանին, որ հարկադիր պարապուրդում են։
«Եթե մեր միջամտությունը չլիներ, արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի որ բաց հանքի աշխատանքներն ավարտվել էին և «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»,– ասաց նա։

Հովհաննես Հարությունյանը նշեց նաև, որ տնտեսվարողը հավաստիացրել է` կրակոցները հանքի փակ եղանակով աշխատանքներին չեն խանգարի։ Ինչ վերաբերում է բաց հանքին, ապա այնտեղ մնացել են, մոտ մեկ ամսվա աշխատանքներ։
Փոխնախարարը դժվարացավ պատասխանել, թե քանի աշխատակից արդյունքում կկրճատվի, բայց նշեց, որ բաց հանքում աշխատակիցներն ավելի շատ էին, քան փակում։

«Այս պահին տնտեսվարողը աշխատակիցների շրջանում որոշակի ընտրություն է կատարում ըստ մասնագիտությունների, տարիքի և այլնի։ Կրճատման ենթակա, բայց կարևոր գիտելիքներ ունեցողների համար տնտեսվարողը բանակցում է այլ տնտեսվարողների հետ, որպեսզի այդ աշխատակիցները տեղափոխվեն մեկ այլ հանք»,– ասաց նա։

Հիշեցնենք` «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանում գործում է 2007 թվականից: Բացի Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներից (որոնք գործում են համապատասխանաբար Քաջարանի և Ագարակի հանքավայրերում), խմբի հայկական ակտիվները ներառում են Սոթքի ոսկու հանքը:
Հայաստանում աշխատելու տարիներին ընկերությունը արտադրության զարգացման համար ներդրել է ավելի քան 400 մլն դոլար։