Search
Close this search box.

Ադրբեջանցիները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ստուգումներ իրականացնել

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:

Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:

Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի: