Search
Close this search box.

Ինչու Փաշինյանը հանկարծ որոշեց ընտրակաշառքի դեմ պայքարի իմիտացիա կազմակերպել

ՔՊ-ական իշխանությունը իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քրեական գործ է հարուցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրան մեղադրելով 2017թ. խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու և այդ ճանապարհով խորհրդարանում հայտնվելու համար:

Մի առիթով անդրադառնալով այս քրգործին գրել ենք, որ եթե դատարանը ապացուցված համարի Ծառուկյանին վերագրվող մեղադրանքը, ապա Փաշինյանը պետք հրաժարական ներկայացնի, որովհետև հենց ԲՀԿ խմբակցության և անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմ քվեարկությամբ է Նիկոլ Փաշինյանը ուղիղ հինգ տարի առաջ խորհրդարանում ընտրվել վարչապետի պաշտոնում:
Խիստ խորհրդանշական է, որ Ծառուկյանի դեմ դատական նիստը տեղի է ունենում մայիսի 8-ին, այն օրը, երբ նա և իր խմբակցությունը իշխանության բերեցին Փաշինյանի տխրահռչակ իշխանությունը:

Բայց հիմա մենք կխոսենք լրիվ ուրիշ բանի մասին: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները իսկապես կեղծվել են, բայց կեղծվել են ոչ թե հօգուտ ԲՀԿ-ի, այլ «Ելք» դաշինքի, որի անդամ էր Նիկոլ Փաշինյանը, ով նույնանուն խմբակցության փաստացի առաջնորդն էր:

Շատերը կասեն, որ այդ ժամանակ Փաշինյանը ընդդիմություն էր, և չունենալով իշխանական լծակներ, ինչպես կարող էր ընտրություն կեղծել: Նույն տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն ևս 2017 թվականին իշխանություն չէին, ավելին, քննադատում էին օրվա իշխանություն ՀՀԿ-ին, և ՀՀԿ-ական իշխանությունը ամեն ինչ արեց Ծառուկյանի հաղթանակը թույլ չտալու համար:

Փաշինյանը և նրա ղեկավարած «Ելք» խմբակցությունը (Փաշինյանը ցուցակում երրորդն էր, բայց իրականում ինքն էր այդ դաշինքի առաջնորդը) ֆորմալ առումով չուներ իշխանություն, բայց ուներ իշխանության ներսում լուրջ հովանավորներ: Դրանցից մեկը Հայաստանի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր:

Հայտնի բան է, որ Սարգսյանը Հայաստանի իշխանական համակարգում ամերիկյան դրածոյի համարում ուներ: Պատահական չէ, որ այսպես կոչված իշխանափոխությունից անմիջապես հետո Սարգսյանը կորցնելով նախարարական պաշտոնը, անմիջապես տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, իբրև թե սովորելու, բայց մինչև այժմ սովորում է, ու չի վերադարձել: Դժվար էլ երբևէ վերադառնա: Վիգեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը ծառայում էին միևնույն աշխարհաքաղաքական բևեռին`Արևմուտքին, և Արևմուտքի դրածո Վիգեն Սարգսյանը օժանդակեց Արևմուտքի նախագիծ Ելք դաշինքին և Նիկոլ Փաշինյանին՝ հայտնվել խորհրդարանում:

Սարգսյանի փաստացի ենթակայության տակ էր գտնվում Հայաստանի բանակը`մի քանի տասնյակ հազար մարդ: Ասում են, Սարգսյանը բանակի հրամանատարությանը կարգադրել էր, որ վերջիններս իրենց ղեկավարած զորամասերի սպաներին և զինվորներին կարգադրեն քվեարկել ՀՀԿ-ի կամ «Ելք» դաշինքի օգտին, վերջնական ընտրությունը թողնելով սպաներին և զինվորներին: ՀՀԿ-ն իշխող կուսակցությունն էր, ցածր վարկանիշով, իսկ երիտասարդ ու քաղաքական հարցերում ոչ այնքան հմուտ զինվորականները համարեցին, որ եթե իրենք ունեն ընտրության հնարավորություն, ավելի լավ կլինի ընտրեն ընդդիմությանը, ինչպիսին ներկայանում էր «Ելք» դաշինքը`դա և համարձակ է և կրեատիվ: Շատ հաճախ մարդկանց հոգեբանական նման ծուղակների միջոցով ուղղորդում են իրենց ուզած ընտրությունը կատարելուն:

Այն ժամանակ շատ զինվորներ և սպաներ էին թաքուն հպարտանում, որ չեն ընտրել ՀՀԿ-ին, այլ ընտրել են ամենաթունդ ընդդիմության համարում ունեցող «Ելք» դաշինքին: Խեղճերը չգիտեին, որ «Ելք»-ի ընդդիմություն լինելը բեմականացված էր, իսկ իրենք խաղացել են երկրորդ պլանի դերասանի դերում:

Պատահական չէ, որ Վիգեն Սարգսյանի չակերտավոր ունեզրկումը փաշինյանական իշխանությունը կազմակերպեց միայն այն ժամանակ, երբ Սարգսյանը հասցրել էր այդ ունեցվածքը վաճառել այլ անձի: Այլ բան չէր էլ կարելի սպասել. Վիգեն Սարգսյանը կատարել էր իր առջև դրված խնդիրը, և նրա հետ որևէ մեկը պարտք ու պահանջ չի կարող ունենալ:

Գողը ամենաբարձրն է գոռում «բռնեք գողին»՝ դրանով փորձելով ապակողմներոշել գողին փնտրողներին, իր վրայից գցելով կասկածը: Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը խորհրդարան է եկել կեղծիքով և վարչական ռեսուրսով, գիտի նաև, որ առաջիկայում ընտրակաշառքը և ընտրակեղծարարության այլ տեսակներ իրեն շատ են պետք գալու իր թշվառ իշխանության գոյությունը երկարաձգելու համար, դրա համար ընտրակաշառքի դեմ պայքարի իմիտացիա է կազմակերպում:

Ավելի զավեշտալի տեսարան, քան հանցագործը դատավորի կերպարում, դժվար է անգամ պատկերացնել:

Armlife.am