Search
Close this search box.

Արտերկիր աշխատելու չեն մեկնում, հիմա Հայաստանն է դարձել աշխատանքային միգրացիայի վայր

Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակի մասին: Իսկապես, Հայաստանում հիմա աշխատուժի կարիք կա՝ այն աստիճան, որ եթե նախկինում Հայաստանից էին մեկնում արտերկիր աշխատանք փնտրելու, հիմա Հայաստանն է դարձել աշխատանքային միգրացիայի վայր: Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերում հաճախ կարելի է հանդիպել Հարավ-արևելյան Ասիայի բնակիչների, ովքեր այստեղ են ամենևին ոչ որպես զբոսաշրջիկներ: Իսկ ովքեր են ստեղծում այդ աշխատատեղերը, չէ որ դրանք հենց այնպես չեն առաջանում: Այդ աշխատատեղերի ստեղծման հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, կոնկրետ նախագծեր և բազմամիլիարդ ներդրումներ:

Վերջերս մեծ շուքով և հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի ամենաշքեղ ու հարմարավետ առևտրի կենտրոնը` Multi Magic Mall-ը: Բացվեց Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան բազմանդամ ընտանիքի մասնակցությամբ, այդ ընտանիքի կողմից իրականացված բազմամիլիարդ ներդրումների արդյունքում: Նախագծումից, մինչև շինարարություն, իսկ այժմ նաև շահագործում, այս կառույցի վրա աշխատել և շարունակելու են աշխատել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ: Հայաստանի տնտեսությանը, բյուջեին միայն այս կառույցը բերել է միլիոնավոր դոլարների հարկեր, ավելացրել Հայաստանի ՀՆԱ-ն, ապրանքաշրջանառությունը և տնտեսության զարցացման մյուս ցուցանիշները: Մինչդեռ Multi Magic Mall-ը հերթականն է, բազմաթիվների շարքում:

Այս պահին Աբովյանում կառուցվում է բազմաբնակարան բնակելի համալիր, որը ոչ միայն երիտասարդ և նորաստեղծ ընտանիքներին ապահովելու է մատչելի բնակարաններով, այն ևս ապահովում է տնտեսական աճ և հարկեր, աշխատատեղեր և բարեկեցություն: Երևանի կենտրոնում շարունակվում է կառուցվել ժամանակակից և բարետես հյուրանոցային համալիր, որը ըստ պայմանավորվածության՝ շահագործման պետք է հանձնվի Կեմպինսկի աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի կողմից: Երևանի կենտրոնը, նրա սիրտը համարվող Աբովյան փողոցը կհամալրվի ևս մեկ ճարտարապետական հետաքրքիր և ոճային լուծումներով գրավող կառույցով: Այս կառույցն էլ կապահովի տնտեսության մեկ այլ ոլորտի` զբոսաշրջության զարգացումը: Գաղտնիք չէ, որ շատ քմահաճ զբոսաշրջիկներ այցելում են միայն այնպիսի երկրներ և քաղաքներ, որտեղ առկա է իրենց հայտնի, իրենց ճաշակին և պահանջներին համապատասխանող սպասարկում ապահովող հյուրանոցային ցանց, իսկ Կեմպինսկին դրանց շարքում ամենահայտնիներից է: Իսկ զբոսաշրջությունը տնտեսության այն ճյուղերից է, որն իր զարգացման արդյունքում առաջացնում է մուլտիպլիկատիվ էֆեկտ, իր հետևից բերում է տնտեսության այլ ոլորտների զարգացում: Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է սնվի՝ օգտագործելով Հայաստանի գյուղատնտեսության արտադրանքը, խթանելով ռեստորանային և սպասարկման այլ ոլորտներ, պետք է շրջագայի և առևտուր անի՝ զարգացնելով առևտուրն ու տրանսպորտային ծառայությունները:

Արտադրությունից մինչև շինարարություն, առևտրից մինչ սպասարկաման ոլորտ, տնտեսության տարբեր ոլորտներում կարելի է տեսնել Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան ընտանիքի շոշափելի հետքը: Եվ ամենակարևորը` բոլոր այդ ձեռնարկների, արտադրությունների ու առևտրի կենտրոնների, շենքերի ու համալիրների մեծ մասը կառուցվել են հիմքից, շատ դեպքերում ամայի վայրերում, կամ քանդելով հինն ու անճաշակը, ժամանակի պահանջներին չհամապատասխանողը, իսկ եթե անհրաժեշտություն է առաջացել ապա վերականգնելով և արդիականացնելով հինը, դրանց տալով նոր կյանք և ավելի ընդգծելով պատմական արժեքը:

Կասկածից վեր է, որ առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու Գագիկ Ծառուկյանի կողմից իրագործվելի նոր ծրագրերի, եթե դրանք չհանդիպեն վարչական և չինովնիկական բազմաթիվ խոչընդոտների, ինչպես եղել է նախկինում, և միայն դրանց հաղթահարման արդյունքում են իրագործվել վերը նշված նախաձեռնություններից շատերը: Իսկ նման խոչընդոտներ չլինելու, ավելին՝ նման նախաձեռնությունները խրախուսելու և օժանդակելու համար անհրաժեշտ է համապատասխան որակի իշխանություն, այդ թվում քաղաքային, որի ընտրություններին և ձևավորմանը մնացել են հաշված ամիսներ:

ArmLife.am