Search
Close this search box.

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, այո, մենք պատրաստ ենք». Փաշինյան

Եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե որ Բաքուն ՄԱԿ-ում ներկայացրել է պահանջ՝ Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն էլ ի պատասխան նշում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞:

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք:

Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», — ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա:

«Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա», — հավելեց Նիկոլ Փաշինյանը: