Search
Close this search box.

Արտահանձնում դեռ չի կարելի. Վարդապետյանը` Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների մասին

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած 2 ադրբեջանցու արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի կարելի և չի լինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դա կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում։ Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով։ Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են»,– ասաց Վարդապետյանը։

Նա հիշեցրեց, որ այդ երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է և գործը դատարանում է, իսկ մյուսի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։ Վերջինս մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։