Search
Close this search box.

Մարդիկ վախենում են գնալ անցակետով, ադրբեջանցիներն անցածներին ասել են՝ այլեւս չվերադառնաք․ Մեծ Շենի գյուղապետ

Լաչինի միջանցքի եւ Հակարիի կամրջի փակվելու հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն գյուղի բնակիչներն ապրիլի 30-ից հետո չեն անցել կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները տարածեցին տեսանյութեր՝ ներկայացնելով, թե արցախցիներն «ազատ» օգտվում են Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետից։

«Ադրբեջանցիները տեսախցիկների առջեւ իրենց են նորմալ են պահել, բայց տեսախցիկներից այն կողմ անցակետով անցած մարդկանց ասել են՝ այլեւս չվերադառնաք, այստեղ չերեւաք, մարդիկ էլ վախենում են գնալ։ Գյուղացիներին արգելող չկա, եթե ցանկանան, կարող են գնալ, բայց ես իրենց ասել եմ, որ վտանգավոր է գնալը, թակարդում կարող են հայտնվել։ Կարծում եմ՝ անցնող չի լինի, որովհետեւ գիտեն՝ ադրբեջանցին ինչի է ընդունակ»,- ասաց Դավիթ Դավթյանը։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մնացած մեծշենցիներ, գյուղապետի խոսքով, այս պահին չկան։