Search
Close this search box.

Ադրբեջանցիները Տեղ գյուղի տարածքում հողը քանդել են, բլուրների պես կիտել են. ինչ-որ բան են էլի սարքում. Հովսեփյան

Սյունիքի մարզի Տեղ գյուղի ներքևի հատվածում, որի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջ են եկել մարտի 29-ին, հող մշակելն ու անասուն պահելն անհնար է դարձել։ Գյուղացիների կենսագործունեության համար պայմաններն իսպառ բացակայում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը:

«Հույս ունենք, որ հետ ենք շպրտելու ադրբեջանցիներին։ Ուրիշ ձև չկա, չենք կարող էսպես ապրել, գոյատևել։ Անհնար բան է դա։ Անկեղծ ասած, հույս չունեմ, թե դիվանագիտական ճանապարհով դրանց հետ տալ կստացվի, բայց լիահույս եմ, որ զենքով հետ ենք շպրտելու»,- նշել է նա:

Հովսեփյանի խոսքով՝ թշնամին ինչպես եկել, մտել էր Տեղ գյուղի տարածք, նույն ձևով շարունակում է մնալ գյուղի տարածքում՝ իր վերահսկողության տակ պահելով շուրջ 150 հա տարածք։

«Անընդհատ աշխատում են, ինչ-որ բաներ են սարքում, քանդում։ Չի հասկացվում՝ կոնկրետ ինչ են անում, բայց հենց իրենց առաջ եկած հատվածում՝ Տեղ գյուղի տարածքում հողը քանդել են, բլուրների պես կիտել։ Ինչ-որ բան էլի սարքում են»,-ասել է Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին, հերթական անգամ խախտելով երկկողմ պայմանավորվածությունը, Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանն անցել ու մտել է ՀՀ տարածք՝ Տեղի ուղղությամբ ու դիրքավորվել այնտեղ։