Search
Close this search box.

Ավինյանը կարողանում է հարմարավետ երթևեկել և հրճվել իր «շուստրիությունից»

Երբ գործող իշխանությունը ոչինչ չունի արած, ոչինչ չունի ներկայացնելու, նրա միակ հույսը մնում է խոստումներ տալը: Այն հույսով, որ հնարավոր կլինի այդ խոստումներով խաբել հասարակությանը, համոզել, որ շուտով, շատ-շուտով ամեն ինչ լավ է լինելու, ապագա կա: Տիգրան Ավինյանը գործող իշխանության տիպիկ ներկայացուցիչ է. նրա միակ հույսը հասարակության կարճ հիշողությունն է ու ստի հնարավոր մեծ դոզավորումը:

Երևանի տրանսպորտային համակարգը ողբալի վիճակում է. հասարակական տրանսպորտը գերծանրաբեռնված է, մարդիկ շարունակում են տեղից-տեղ տեղաշարժվել կանգնած, խցկված, ճմրթված, բարոյապես և ֆիզիկապես նվաստացած: Բայց ստիպված օգտվում են:

Հայաստանի և Երևանի իշխանությունները չեն օգտվում հանրային տրանսպորտից. այդ նույն հանրային տրանսպորտից օգտվողները իրենց հարկերով Ավինյանի համար շքեղ ծառայողական մեքենա են գնել, դրա սպասարկման ծախսերն ու վարորդին աշխատավարձ են վճարում, որ Ավինյանը կարողանա հարմարավետ երթևեկել, մեծ-մեծ խոստումներ տալ, մտածելով, որ ինքը այնքան խելոք է, որ կարող է մարդկանց ականջներին լապշա կախել ու հրճվել իր «շուստրիությունից»:

«Տրանսպորտային համակարգը այս պահի դրությամբ էական զարգացումներ է ապրում, և մենք, կարելի է ասել, տրանսպորտային ռեֆորմի կիզակետում ենք ապրում»,- առանց ամոթի զգացման ասում է Ավինյանը: Թե որտեղ է այդ զարգացումը, կամ ինչ կիզակետի մասին է խոսքը, ոչ ոք չգիտի: Ասում են` 87 հատ ՄԱՆ ավտոբուս են բերել: Երևանի նման քաղաքի համար՝ 87 ավտոբուս: Արդեն մեկ տարի խոսում են, դեռ մի հինգ տարի էլ շարունակելու են խոսել այդ 87 ավտոբուսի մասին, չասելով, թե այս ընթացքում քանի ավտոբուս է ֆիզիկապես մաշվել ու դուրս եկել շահագործումից:

Ավինյանին հարցնում են հանրային տրանսպորտի վիճակի բարելավման մասին, ասում է այդ նոր ավտոբուսներում ներդրվելու է վճարային նոր համակարգ, մարդիկ նույնիսկ հեռախոսներով են կարողանալու վճարում կատարել, ու նորից օրինակ է բերում ՄԱՆ ավտոբուսները:

Մարդիկ իրար վրա բարձրացած են երթևեկում, ավտոբուսի դռներից կախված, շատ ժամանակ ավտոբուսի դռների արանքում ճզմված, ինչ տարբերություն, թե վճարման համակարգը ինչպիսինն է:

Լրագրողը հարցնում է, թե այս կյանքում մետրոպոլիտենի նոր կայարան կտեսնե՞նք, Ավինյանը վստահ պատասխանում է, թե, բա ոնց, անպայման կտեսնեք: Ասում է, որ հանդիպումներ են ունեցել պոտենցիալ ներդրողի հետ, բանակցում են Աջափնյակում նոր կայարանի կառուցման շուրջ, որի կառուցումը կտևի չորս տարի: Հնարավոր է, որ տևի չորս տարի, բայց չի ասում, թե ե՞րբ կսկսվի շինարարությունը: Դե բանակցում են, ներդրողն էլ կարող է մինչև ընտրություններ խոստանա, որ կսկսի շինարարությունը, բայց ընտրություններից հետո փոշմանի ու հայտարարի, որ չի սկսում:

Կարևորը ոչ թե մետրոպոլիտենի զարգացումն է, նոր կայարանի կառուցումը, այլ մինչև ընտրություններ մի բան խոստանալը, մարդկանց խաբելը: Մի նոր խոստում էլ է հորինել Ավինյանը՝ մետրոյի Սուրմալու կայարանի կառուցում:
Երևի Սուրմալու տոնավաճառի տերերը պատրաստ են այդտեղ իրենց հաշվին նոր կայարան կառուցել, որ հաճախորդների թիվն ավելացնեն: Բայց դա ինչ կապ ունի տրանսպորտի վիճակի բարելաման հետ. կարող է մետրոյի մի կայարան էլ Երևան Սիթիի սեփականատերը ուզենա կառուցել Զորավար Անդրանիկ կայարանի ու Հանրապետության հրապարակի միջև ընկած հատվածում, ու մարդիկ մետրոյից միանգամից դուրս գան խանութի մեջ:

Ավինյանն ասում է, որ մայիսից հանրային տրանսպորտի համար առանձնացված երթուղիներ են սկսելու գործել, որոնցից մյուս տրանսպորտային միջոցները չեն կարողանա օգտվել:

Սրանք որոշել են Երևանի երթևեկությունը լրիվ կոլապսի մատնել: Առանց այն էլ Երևանի փողոցները նեղ են, ու անընդհատ խցանումներ են առաջանում: Հիմա պատկերացրեք, որ մի գիծն էլ առանձնացնեն հանրային տրանսպորտի համար, արդյունքում երթևեկությունը կաթվածահար կլինի:

Բայց չմտածեք, թե դա անում են շարքային քաղաքացիների կամ հանրային տրանսպորտից օգտվողների համար: Դա անում են իշխանական էլիտայի համար: Անունը կդնեն հանրային տրանսպորտի համար նախատեսված երթուղի, բայց դրանից կօգտվեն նախարաները, պատգամավորները, քաղաքապետ Ավինյանն ու իր ղեկավար Փաշինյանը`արտոնյալները:

Սրանք հոգնել են Երևանի փողոցների խցանումներից, որոշել են իրենց համար առանձին գիծ բացել: Պարեկային ոստիկանությունը աչալրջորեն կհետևի, որ այդ առանձնացված երթուղիներից շարքային մեքենաները չօգտվեն, գիծը ազատ լինի, իսկ խախտողներին էլ կտուգանեն, Փաշինյանի անձնական օգտագործման Հայաստանի պետական բյուջեն լցնելով:

Մի խոսքով, իսկապես տրանսպորտային բարեփոխումներ սպասվում են, բայց դրանք վերաբերվելու են ոչ թե շարքային քաղաքացիներին, այլ այսպես կոչված իշխանության բուրգի գագաթին գտնվողներին:

Սրանց բարեփոխումներից ազատվելու միայն մի ճանապարհ կա, սրանցից ազատվելը, սրանց ճանապարհ դնելը: Դրա սկիզբը կարող է լինել Երևանի քաղաքապետի ընտրությունը:

ArmLife.am