Search
Close this search box.

Ավինյանի ձեռքից պետք է վերցնել սղոցը, իշխանությունը` գոնե մինչը աշուն

Փաշինյանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ չարաշահելով պետական լծակներից այնպիսի կարևորագույնը, ինչպիսին Հանրայինի անվան տակ գործող Հ1-ն է:

Ավինյանին թվում է, որ ինքը որքան շատ խոսի, որքան շատ խոստումներ տա երևանցիներին, այնքան միամիտ մարդիկ ավելի շատ կխաբվեն ու կամավոր կընկնեն իրենց սարքած թակարդն այնպես, ինչպես պանրի հոտից ու տեսքից գայթակղված մուկն է ընկնում թակարդը: Բայց նույնիսկ մուկը, մեկ անգամ խաբվելով, երկրորդ անգամ նույն սխալը չի գործում:

Իսկ ի՞նչ է խոսում կամ խոստանում Ավինյանը: Մենք մի փոքր շարք ենք պատրաստում, որտեղ հանգամանորեն անդրադառնալու ենք այդ խոստումներից յուրաքանչյուրին:

Սկսենք, այսպես կոչված, բնապահպանական խնդիրների իբր թե լուծումից. կտրում են «հին և իրենց սպառած» ծառերը, դրանց տեղը տնկելով նոր և ավելի բարետես ծառեր: Ավինյանը` փորձելով արդարացնել քաղաքապետարանի կողմից Երևանի ծառերի դեմ սկսած բնապահպանական ցեղասպանությունը, ասում է, թե թեղիները կտրվում են, քանի որ դրանք արդեն ծերացել էին, կորցրել իրենց դեկորատիվ տեսքը: Դրանց փոխարեն տնկվում են այդ թվում սակուրաներ, և որպես հզոր փաստարկ հայտարարում, թե սակուրաներ աճում են ոչ միայն Ճապոնիայում, այլև Վաշինգթոնում և շատ ուրիշ քաղաքներում:

Տատս նման դեպքերի համար մի լավ խոսք ուներ. «Բաղդադում էլ խուրմա`արմավ շատ կա, մեզ ինչ»: Բաղդադում էլ արմավենիներ են աճում, բերեք մի քանի հայրուր հատ Երևանում տնկեք, մինչև սեպտեմբերի ընտրություններ Երևանը կնմանվի մերձարևադարձային քաղաքի, ձմռանը դրանք կցրտահարվեն, կվերանան, բայց ընտրություններից առաջ գեղեցիկ էֆեկտ կստեղծեն: Ավինյանը կասի՝ Երևանը Մայամի եմ սարքելու. մնում է օվկիանոսը մոտեցնեմ Երևանին կամ հակառակը:

Այն մարդիկ, ովքեր Երևանում թեղիներ են տնկել, հաստատ իրենց գիտելիքներով և գեղագիտական ճաշակով ցածր չեն եղել Ավինյանից, և հաստատապես իմացել են, որ աշխարհում սակուրա կա: Բայց ինչի են տնկել հենց թեղի, ոչ թե սակուրա, կամ ասենք կանադական կեչու կլոններ, որոնք հիմա նույնպես տարածված են: Երևանի կլիման չոր մայրցամաքային է, իսկ սակուրան, որի հայրենիքը Ճապոնիան է, կղզի է՝ շրջապատված օվկիանոսով, և օդի հարաբերական խոնավությունն էլ համեմատելի չի Երևանի հետ: Թեղին էնդեմիկ ծառատեսակ է, այսինքն բնիկ, այն միակ ծառն է, որը Արարատյան դաշտի պայմաններում կարող է աճել առանց որևէ խնամքի: Այո, առանց որևէ խնամքի, այդ թվում նաև առանց ոռոգման:
Նման ուրիշ ծառատեսակ գոյություն չունի, անգամ կաղնիները կամ սոսիներն արհեստական ոռոգման բացակայության պայմաններում խիստ տուժում են, չորանում: Սակուրայի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, որովհետև այն ջրասեր ծառ է:

Տիգրան Ավինյանի անմիջական ղեկավար, վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Փաշինյանն օրերս հայտարարում էր, որ ամեն տարի ջրի սակավության խնդիրն ավելի է մեծանալու, և պետք է ամեն ինչ անել Հայաստանի ջրային ռեսուրսները խնայելու համար: Այդ հորդորը երևի վերաբերվում էր նաև Երևանի կանաչապատմանը և Երևանի քաղաքապետարանին: Մյուոս կողմից էլ սրանք մի բան հայտարարում են, մի բան անում:

Ավինյանը կարող է տասնյակ և հարյուր միլիոնավոր դրամներ ծախսել Երևանի եղած ծառերը ոչնչացնելու և նրանց տեղը ինչ որ ցուցադրական ծառեր տնկելու համար: Բայց ծառ տնկելը մի բան է, ծառ աճեցնելը՝ բոլորովին այլ: Կարող են այսօր ծառը տնկել, մինչև ընտրություններ դրանք կանաչ պահել ցուցադրելու համար, իսկ մեկ-երկու տարի հետո, դրանց նույնիսկ հետքն էլ չմնա: Համարում էին, որ եղած թեղիները ծերացել են, կամ ոչ պրոֆեսիոնալ էտման պատճառով կորցրել են իրենց գեղագիտական տեսքը. թող դրանք կտրեին և տեղը տնկեին նոր թեղիներ, որոնք նվազագույն խնամք են պահանջում և խնայելու էին առանց այն էլ սուղ ջրային ռեսուրսը: Ավինյանը, որ ասում է տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկելու, թող իմանա, որ դրանք տարեկան միլիոնավոր լիտր ջուր են պահանջելու, իսկ թեղին գրեթե ջուր չի պահանջում, միայն առաջին մեկ-երկու տարին, այն էլ խիստ սահմանափակ քանակությամբ:

Փաշինյանին վարչապետի, իսկ Ավինյանի փոխքաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո Երևանը մնալու է, բայց նրանց գործած ավերվածությունները ևս շարունակելու են մնալ: Ցավալի է, որ դրանք վերացնելու համար երկրի ու քաղաքի նոր իշխանություններից կպահանջվի հսկայական ջանքեր և ամենակարևորը ժամանակ: Հսկա ծառը կարելի է մի կես ժամում կտրել, ոչնչացնել, բայց նման ծառ աճեցնելու համար մի քանի տասնամյակ է պետք: Սրանց ձեռքից սղոցը`իշխանությունը, պետք է վերցնել, որքան շուտ այնքան լավ, այդ թվում նաև Երևանի ծառերի:

Մի բան էլ հուշենք իրենց չտեսությամբ և գեղցիությամբ աչքի ընկնել ցանկացող բուսաբան լանդշաֆտային դիզայներներին`թեղիները մի յուրահատուկ հատկություն էլ ունեն. նրանց տերևների վրա ամռան ընթացքում առաջանում է կպչուն նյութ, որը իր վրա է վերցնում քաղաքի փոշին և ինչ-որ չափով մաքրում օդը: Սակուրան և ոչ միայն, նման ֆունկցիա չի կարող իրականացնել փոշու և ծխի մեջ խեղդվող Երևանում:

ArmLife.am