Search
Close this search box.

Ինչո՞ւ է Փաշինյանը ընտրել հենց Տիգրան Ավինյանին

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնել և օրինականացնել Տիգրան Ավինյանի կողմից իրականացված փաստացի իշխանազավթումը. Ավինյանը չլինելով Երևանի քաղաքապետ, արդեն տևական ժամանակ կատարում է այդ պաշտոնից բխող գործողություններ:

Ինչո՞ւ է Փաշինյանը ընտրել հենց Տիգրան Ավինյանին, և ոչ ասենք նույն Հրաչ Սարգսյանին, ով հլու հնազանդ ենթարկվում էր իշխանության կարգադրություններին, և որևէ հարցում չի էլ փորձել հակադրվել իշխանության տիրոջը` գերագույն գլխավորին:

Տարածված կարծիք կա,որ Փաշինյանին պետք է մեկը, ով կարող է փողի վրա նստած ավելի մեծ փող ստեղծել, ու ժամանակին մուծվել: Ասում են, Ավինյանը փոխվարչապետ աշխատելու ընթացքում ապացուցել է, որ կարող է արդարացնել սպասումները:

Ավինյանը Փաշինյանի իշխանության արևածագին անհասկանալիորեն հայտնվեց փոխվարչապետի պաշտոնում` չունենալով ոչ մասնագիտական, ոչ կառավարչական փորձ և գիտելիքներ: Չնայած դրան, նա կարողացավ շատ կարճ ժամանակում հայտնի դառնալ նրանով, որ, ինչպես շատերն են ասում, վերահսկում էր պետական փողերի բաշխման և հասցեավորման գործընթացը. որոշում էր՝ ով որ մրցույթում պետք է հաղթի, ով ինչ ունի այդ հաղթանակից:
Ընդ որում, առանց ամոթի և նույնիսկ տարրական բարեկրթության, պետական փողերից բաժին էր հանում նաև սեփական ընտանիքին:

Հետո եկավ կորոնավիրուսային համավարակը. և դրսևորած բարձր վստահության համար Փաշինյանը Ավինյանին վստահեց երկրում հաստատված հատուկ դրության պարետի պաշտոնը: Թե ինչ չափի տեղական ու միազգային փողեր պտտվեցին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, և ում գրպանը որքան հոսեց այդ գումարներից, կպարզի միայն անկախ քննությունը: Հիմա արդեն պարզ է, որ Փաշինյանը այնքան էլ գոհ չէ համավարակի ամենաակտիվ շրջանում առողջապահության նախարար աշխատած Արսեն Թորոսյանի աշխատանքից:

Ակնհայտորեն Թորոսյանը չի արդարացրել Փաշինյանի վստահությունը, և ստվերային շրջանառության և հետևաբար դրանից Փաշինյանի հասանելիքը տեղ չի հասցրել: Հիմա այդ հարցերը քննվում են իրավապահների մակարդակով, և գուցե Թորոսյանը քրեական հետապնդման սպառնալիքի տակ վերականգնի գերագույն գլխավորին պատճառած նյութական և բարոյական վնասը: Ավինյանը արդարացրել է վստահությունը, այլապես քաղաքապետի թեկնածու չէր լինի:

Քաղաքապետարանում միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ են շրջանառվում, այդ թվում ստվերային: Երևանում միլարդների շրջանառություն կա, շինարարության թույլտվություններ, հողահատկացում, կատարողականների հաստատում. մի խոսքով փողի անսահման քանակություն, որին ինքը կամ հասանելիություն չուներ, կամ այնքան էլ գոհ չէր հասնելիության չափերից: Պետք է մեկը, ով արդարաբար կկիսի եկամուտը:

Բայց նախ այդ եկամուտը պետք է հավաքել: Գործող քաղաքապետ Հրաչ Սարգսյանը զուսպ ու հավասարակշիռ մարդու համարում ուներ. չէր սիրում անիմաստ քաշքշել,նեղել, նեղացնել: Բայց առանց դրա փող չէս աշխատի: «Մինչև մեկին մի վնաս չտաս, քեզ օգուտ չես տա»,- ասում է իշխանական կարգախոսը:

Այ, ուրիշ է Ավինյանը: Նրա փող աշխատելու համբավը սարսափեցնում է շատերին. հատկապես նրանց, ովքեր Երևանում ինչ-որ տնտեսական գործունեություն են ծավալում:

Այնպես որ, դաժան ժամանակներ են սպառնում Երևանին, միայն հարցն այն է, թե ով Ավինյան կընտրի: Կարող են ստիպել, կարող են կաշառել, կարող են կեղծել, բայց նույնիսկ դա կարող է բավարար չլինել:
Մանավանդ որ իշխանական բուրգը քանդվում է, և գուցե մինչև արտահերթ ընտրություններ փլուզումն այնպիսի մաշտաբների հասնի, որ Փաշինյանն ու իր թեկնածուն մնան այդ բուրգի ավերակների տակ:

Ինչպես ընդունված է ասել նման դեպքերում՝ Ամեն: