կարեվոր

Ասում են՝ Ալիևն այս է ուզում, Ալիևն այն է ուզում, ձեր կանանց տվեք, ձեր աղջիկներին շարք կանգնեցրեք սահմանի վրա, տվեք-պրծեք

Lragir.am-ի զրուցակիցն է Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, Սյունիքում հերթական տարածքները հանձնվեցին թշնամուն, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

Երբ մենք Վլադիմիր Պուտինի ասածով կանգնեցինք այնտեղ, որտեղ մեր զորքերն էին, այն ժամանակ Քարվաճառն ու Քաշաթաղը չէինք հանձնել, Արցախի մի մասը մեր ձեռքին էր։ Բայց մարդիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեցին կապիտուլյացիա, տվեցին Քարվաճառն ու Քաշաթաղը։ Եվ մինչև այսօր մարդիկ իրագործում են այդ փաստաթղթի շարունակությունը։ Իրենց խոսքով՝ դա կոչվում է «խաղաղության պայմանագիր»։ Ի՞նչ է նշանակում «խաղաղության պայմանագիր»՝ Արցախը հանձնել, Սյունիքը հանձնել, երևի հանձնել նաև ամբողջ Հայաստանը։ Մենք չգիտենք, թե ինչ է մտնում այդ «խաղաղության պայմանագրի» մեջ, մենք չենք էլ պահանջում, որպեսզի իշխանությունները ներկայացնեն, թե որն է այդ «խաղաղության պայմանագիրը»։ Հետևաբար իրենք, համոզված լինելով, որ իրենց ոչ մի վտանգ չի սպասվում, ստորագրում ու ամբողջը հանձնում են։ Իրենք որոշել են Արցախը հանձնել հակառակորդին, և դրա շարունակությունն է սա, ոչ մի նոր բան չկա։

Եվ ներկայացնում են այնպես, որ եթե Արցախը հանձնեն, Հայաստանում հնարավոր է խաղաղ ապրել։

Ադրբեջանը մի հարևան է, որն ուզում է Սևանը, «Արևմտյան Ադրբեջան» թեզն է շրջանառում, ուզում է Երևանը։ Այս գաղափարախոսությամբ մարդկանց հետ սրանք ուզում են հարևանություն անել։ Ես կարծում եմ՝ այս քաղաքականության պատճառն այն է, որ իրենք ուղղակի վաճառվել են ու հանձնում են։ Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հետ հարևանություն անել, «խաղաղության պայմանագիր» կնքել, երբ մարդը քո տունն է ուզում։ Միայն ստրուկներն են այդպիսի «խաղաղության» գնում, դա ստրկության պայմանագիր է, ոչ թե խաղաղության։ Առաքինի մարդն իր թշնամուն իր տուն չի բերի, միայն դավաճաններն ու ծախվածներն են այդպես անում։ Ուրիշ անուն չեմ կարող դնել այդ մարդկանց։

Փաստացի Սյունիքի այն հատվածում, որտեղ թշնամին նոր տարածքներ է օկուպացրել, դիմադրություն չի եղել։ Այսինքն՝ սա ծրագրվա՞ծ է եղել։

Մինչև պետությունը չցանկանա կռվել, մենք չենք կարողանա կռվել։ 1992 թվականին, երբ Շահումյանն ու մյուս տարածքները հանձնում էին, ես փորձեցի կանգնեցնել, անգամ մենք հետ վերցրեցինք մի երկու գյուղ, բայց այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ մեծ թվով մարդիկ զոհվեցին, մենք չիմացանք, որ այնտեղ տղաները զոհվում էին։ Անգամ օգնության չկարողացանք հասնել։ Եթե պետությունը չի ցանկանում կռվել, դու ի՞նչ կարող ես անել։ Այն ժամանակ մենք կամավորական ջոկատներ ունեինք, պետությանը շան տեղ չէինք դնում, քանի որ պետություն չունեինք։ 1992 թվականին ի՞նչ պետություն, կիսագրագետ գեղացիները հավաքվել էին, իբր թե պետություն էին սարքում, ո՞վ էին նրանք։ Անգամ այն ժամանակ նրանք մեզ դավաճանեցին, մի քանի ժամվա ընթացքում 100 մարդ զոհվեց։ Հիմա ո՞նց կարող ենք կռվել, երբ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը քեզ խանգարելու են, հրետանին չի կրակելու։ Այո, քաջաբար կարող ես զոհվել մեկ օրվա ընթացքում, ուրիշ ոչինչ չես կարող անել։

Բայց մեր բանակն ունի՞ դիմադրելու ռեսուրս ու հնարավորություն։

Մենք դիմադրելու, առաջխաղացումը կանգնեցնելու ռեսուրսն էլ ունենք, հարձակվելու ռեսուրսն էլ ունենք։ Երբ Ալիևը նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Ջերմուկի ուղղությամբ փորձեց բախտը, որպեսզի կեղծեր պաշտպանությունը, վերցներ Իշխանասարը և դուրս գար Երևան-Գորիս մայրուղի, դա չհաջողվեց իրեն։ Մեր բանակն այսպես բարոյալքում են, ամեն ինչ անում են, որ բանակ գոյություն չունենա, բայց անգամ այդ վիճակում բանակը կանգնեց, դիմադրեց։ Ալիևը մեզ չի կարողանա հաղթել, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Ջրականում էինք, այն ժամանակ իրենք ուզում էին արդեն խաղաղություն կնքել, քանի որ առաջխաղացում չունեին։ Բայց մեզ խաբեցին, զորքերը հետ քաշեցին, իբր թե հետ էինք քաշվում, որ հետո նորից հարձակվեինք։ Բայց մեզ խաբեցին ու տվեցին Կովսականն ու Սանասարը։ Իրականում այդպես է եղել, ես Սանասարում ընդամենը մի քանի թուրք եմ տեսել։ 200-300 մարդ սարերով 80-90 կմ եկավ ու Շուշին գրավեց, ինչի՞ մասին է խոսքը։ Ամեն ինչ դիտավորյալ է տրվում, վաղը-մյուս օրը թքելու են այդ մարդկանց կերած հացի մեջ։ Հայաստանը սարքել են լեշ, ամեն կողմից լափում են։

Ի՞նչ պետք է անել։

Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանում կարողանան իշխանության գալ ազգային ուժերը։ Ազգային ուժեր ասելով՝ ես նկատի ունեմ այն անձանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը և կարող են խաչվել այդ հայրենիքի համար։ Մնացած ամեն ինչ կարգի կբերենք, ոչ մի վտանգավոր բան չկա։ Սուտ են ասում, խաբում են, ոչ մի վտանգավոր իրավիճակ չկա։ Ասում են՝ Ալիևն այս է ուզում, Ալիևն այն է ուզում, ձեր կանանց տվեք, ձեր աղջիկներին շարք կանգնեցրեք սահմանի վրա, տվեք-պրծեք, աննամուս վիժվածքներ։ Դուք տղամարդ եք, թե՞ հավ։ Այս իրավիճակն է, որովհետև Հայաստանը երբեք կարգին իշխանություն չի ունեցել։ Ամեն նախագահ իր նման ոհմակ է հավաքել ու ստեղծել իշխանություն, մեկը թալանչիների, մյուսը՝ դավաճանների։ Այսօր էլ դավաճաններ են հավաքվել՝ հույս ունենալով, որ իրենց ոչ ոք չի պատժելու։