Search
Close this search box.

ԱԱԾ-ն հայտարարեց Հայաստանի «ինքնիշխան տարածքը» հանձնելու մասին․ Նիկոլի պահանջով Բաքուն անցակետ է տեղադրում ՀՀ տարածքում

Իրադարձությունների մասին տեղացիների անպաճույճ պատմությունները հնարավորինս հստակ ու լիարժեք պատկերացում են տալիս իրավիճակի մասին։ Բացառություն չէր Տեղ գյուղի տարածքի զավթման վերաբերյալ շրջանի բնակիչների պատմածը։

Lragir.am-ի հետ զրույցում Արավուս համայնքի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը պատմել է, որ «ադրբեջանցիները առաջ են եկել, նոր տարածքներ օկուպացրել Սյունիքի մարզում և այսօր առավոտվանից Տեղ գյուղի տարածքում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում»։

Նրա խոսքով՝ «ռուսական զորք է եղել տարածքում, որը դուրս է եկել, ադրբեջանցիները մտել են։ Ռուսները տեղափոխվել են Կոռնիձորի տակ։ Ադրբեջանցիները եկել են Արավուսի ու Տեղ գյուղի սահմանով իջել են Կոռնիձոր, սահմանը գծելով իջել են մինչև ներքև։ Մեր հաշվարկով՝ Տեղ գյուղից էլ 70-80 հեկտար հողեր են գրավել։ Եվ ոչ մեկ դեմը չառավ, այդտեղ բանակ չի եղել, բանակը Արավուսի դիմացն է, այդ տարածքը, որտեղ մտել են, ընդհանրապես բաց էր։ Մեր գյուղի սահմանից մինչև Տեղ գյուղ, Կոռնիձոր, այդ հատվածում միջանցք էր թողնված։ Հիմա այդպես կտրել են, Տեղ գյուղի հողերով վերցրել են», ասել է նա։

Ինչպես տեսնում ենք, սկսած 1916 թ․ Վանի ռուսական «փրկչության» ստորությունից՝ նույն սխեման է՝ ռուսները դուրս են գալիս, նրանց տեղակայման վայրը մտնում են ցապարները։ Որտեղ հայերը դիմադրել են՝ Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ, Բերձոր-Աղավնո, Լիսագոր, ռուսներն անմիջապես լծվել են դիմադրությունը չեզոքացնելուն՝ ցապարների զավթումներն ապահովելու համար։

Միեւնույն ժամանակ, Սյունիքի մարզի բնակիչների պատմությունները վկայում են կարեւոր հանգամանքներ։ ՀՀ պաշտոնական շրջանակները լուռ էին, քանի դեռ մամուլում չէին հրապարակվել այս պատմությունները։ Ըստ էության լուռ են մինչ այս պահը՝ ոչ վարչապետի աշխատակազմը, ոչ ԱԳՆ չեն հայտարարել «29,8-ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման» մասին։ Կամ էլ մի նոր էյվազլի մոգոնելու տվայտանքների մեջ են։

Փոխարենը, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու եւ ՀՀ «ինքնիշխան տարածքը» Բաքվի զորքերի առաջ բացելու, հայկական զորքը հանելու եւ «սահմանապահներին» տեղակայելու մասին։

ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողն իր հերթին երեկ Մալթայում իրեն թե ուրիշներին էշի տեղ դրած՝ բարբաջում էր «Լաչինի միջանցքով անխափան երթեւեկությունն ապահովելու անհրաժեշտության մասին»։

Սյունիքի մարզի բնակիչների պատմություններից հետո ստիպված էին ինչ որ արձագանք տալ, ԱԱԾ-ի հաղորդագրության միջոցով, որն ըստ էության հաստատում է տարածքը դիտմամբ հանձնելու եւ Բաքվի անցակետ տեղադրելու հանգամանքը։ Մի քանի մեջբերումները բավական են դրանում համոզվելու համար․

․ Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:

․ Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:

․ Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

․ Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

«Խեղճ ադրբեջանցիները մոլորվել են, սկսել են դիրքավորվել, չսպասելով մինչեւ քարտեզագիրները ճշտեն, մենք էլ ուժով հո չենք հանելու նրանց»․ հետաքրքիր է՝ ԱԱԾ ղեկավարությունն ու աշխատակիցներն իրենց անունից տարածված այս զառանցագին հայտարարությունից խղճի, մարդկային-ազգային-մասնագիտական արժանապատվության որեւէ խայթ զգո՞ւմ են։ Հասկանում են չէ՞, որ «ադրբեջանցիները» հենց այնպես չէին մտնի ու դիրքավորվի, եթե չլիներ առնվազն Փաշինյանի համաձայնությունը, իսկ իրականում պահանջը՝ «ի հեճուկս եւ ամեն գնով խաղաղության օրակարգը» հաստատելու համար։

Դատելով ԱԱԾ հայտարարության մեկ այլ պարբերությունից՝ «2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից», շուտով նույն ճակատագիրն է սպասում նաեւ Կոռնիձորին:

Երեւի ավելորդ է ասել, որ հաջորդ թիրախը Գորիսն է լինելու։ Նիկոլի առաջարկով «երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման» կապակցությամբ Երասխ-Երեւան-Մարգարա եւ ՀՀ այլ մայրուղիների վերահսկողությունը Բաքվին հանձնելով՝ ռուս «խաղաղապահ-սահմանապահների» բարձր երաշխիքներով եւ այդ մայրուղիների երկայնքով ցապարների զանգվածային բնակեցմամբ։

2022-ի օգոստոսի պայմանավորվածությունները, որոնց հղում է անում ԱԱԾ-ն, նոյեմբերի 9-ի թղթի ընդլայնված կիրառումն է Հայաստանի դեմ․ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման մեկնարկը այս ծրագրերի հանգուցային կետն էր, ինչին հանգամանալից անդրադարձել ենք հենց այդ ժամանակներից։

Տեղ գյուղի իրադարձությունները «քարտեզագիրների» նիկոլական ողորմելի խնդիր չէ․ Պաշտոնական Մոսկվա-Բաքու-Երեւան հայակործան ներդաշնակ փոխգործակցությամբ չեզոքացվում են Լավրով-Միրզոյան գործարքի իրագործման առջեւ կանգնած վերջին խոչընդոտները՝ Իրանը եւ Եվրամիությունը՝ Սյունիքի մարզի օտարմամբ։ Հայաստանի վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա տերպետրոսյանական ծրագիրը, որի առաջնորդ է նշանակվել Նիկոլ Փաշինյանը, արագացվում է։
lragir.am