Search
Close this search box.

Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող

Թող բերեն Եղոյին (կապիտան Եղիշե Հակոբյան, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը-խմբ ) տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե ինչ է եղել այնտեղ իրականում: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Իրենք ի վիճակի չէ՞ն դա ճշտելու, ո՞նց կարող է տենց բան լինի: Հիմա էստեղից դուրս գանք եթե ուզենանք մեկի խաթրին կպնենք, եթե իրենք ուզեն ճշտել, քանի տարի հետ կգնան ու ամեն ինչ կճշտեն: Վարչապետն ասում է՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է; Էդ իրենց համար է պարզ, իրենք գիտեն՝ ինչ է եղել, ինչի համար են ծածկադմփոց անում: Ոչ դեպքի վայր գոյություն ունի, ոչ նկարներ կան: մենք լիարժեք հիմքեր ունենք մտածելու, որ ձուկը գլխից է հոտած: Վերեւից է հրամանը եղել եթե ոչ սպանության, ապա հրդեհելու»,-ասաց նա:

Մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանն էլ հարց ուղղեց, թե այդ ինչպե՞ս ԱԻՆ-ի աշխատակիցները չգիտեին, որ չի կարելի դիերը տեղափոխել, քանի դռ չեն իրականացվել քննչական գործողություններ. «Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով, պաշտպանության նախարարի հրամանով, դատախազի հրամանով, ո՞վ է հրաման տվել եւ ինչ պայմաններում են դիերը հանել: Եթե ասում են՝ մեր երեխեքը չեն եղել պառկած դիրքերում, պետք է դա ապացուցեն փաստերով, կամ եթե եղել են պառկած, դր նկարները ունենան: Դեպքի վայրը պետք է փակ լիներ, բայց այնտեղ ով ուզի, կարող է մտնել, դուրս գալ: Այսինքն Նիկոլ Փաշինյանից մինչեւ մնացած մարմինները էդ գործը բացահայտած է, ուղղակի մեզ են տանջում: Իսկ եթե բացահայտված չէր, ինչո՞ւ է այդ անփույթ վիճակը:

Սուրեն Պապիկյանն ի՞նչ իրավունք ունի աշխատի պաշտպանության նախարար, նա ոչ մի բարոյական իրավունք չունի, ոչ մի ցավակցական խոսքով չի դիմել ծնողներին»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։