Search
Close this search box.

ՄԻԳ-29 կործանիչներն օդային մարտեր են վարել Հայաստանի լեռներում

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների շրջանակում մշակել են ժամանակակից օդային մարտեր վարելու մեթոդներ։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողները վարել են ուսումնամարզական օդային մարտեր, որսացել և ջախջախել են օդաչուավոր և անօդաչու սարքեր, ինչպես նաև խուսափել են պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից:
Օդաչուները նաև փոխգործակցություն են մշակել թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխ ապահովող ստորաբաժանումների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնական թռիչքներում ներգրավվել են Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինծառայողներ և 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ժամանակակից T-72B տանկերի անձնակազմերը կրակային աջակցություն են իրականացրել մոտոհրաձգային ստորաբաժանումների համար՝ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող ուսումնական պարապմունքի շրջանակներում։
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները տանկերի թնդանոթից և գնդացիրից տարբեր հեռավորությունների վրա ցերեկային և գիշերային ժամերին խոցել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և կենդանի ուժի շարժվող թիրախները:

Գիշերը թիրախները խոցվել են հետախուզական զինամթերքի և գիշերային տեսողության սարքերի միջոցով։ Դրանք խոցվել են ինչպես կանգնած վիճակում, այնպես էլ շարժման մեջ։