Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանը դատարանում ասել է, որ վիրավորված է. նա խոսել է Վարդան Ղուկասյանից

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացարձակապես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա այդ մասին հայտարարեց դատարանում, երբ դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Մեղադրական եզրակացության համաձայն` Գասպարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` անձնական շահագրգռվածությունից ելնելով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Գասպարյանը, անդրադառնալով մեղադրանքում նաև դստեր ներգրավվածությանը, նշեց, որ դա արվել է քրգործին «միս ու արյուն» տալու և գործն ավելի ցայտուն դարձնելու համար։

Ըստ նախկին ոստիկանապետի` իրեն մեղադրանք է առաջադրվել մեկ անձի հայտարարությունների հիման վրա։

«Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երևույթն է` «Դոգ» մականունով, որը եղել է մեր աշխատողը, որին ես վռնդել եմ արվամոլության համար։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը»,– ընդգծեց Գասպարյանը։

Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: