Search
Close this search box.

Քանի՞ խախտում է արձանագրվել 1 տարում. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել

Երևանում գտնվող 209 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում։ Այս մասին զեկուցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ 1204 կրթական և 189 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են 4595 և 1337 խախտում, իսկ 338 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 2019 խախտում:

Իսկ ահա քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 271 ինքնակամ կառույց. կիրառվել է 466 մլն դրամի չափով վարչական տուգանք։

Ինչ վերաբերում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումներին, ապա ոլորտում ստուգումների արդյունքում 1500 խախտում է հայտնաբերվել` 917 մլն դրամի չափով։
Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված դիտարկումների շրջանակում արձանագրվել է մակնշման պահանջների անհամապատասխանության 667, ժամկետանց սննդամթերքի շրջանառության 229, սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման՝ 71 դեպք: Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվել է 270 ստուգում, խախտումների թիվը՝ 93: Գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 7 դեպք։
Նշվում է նաև, որ հայտնաբերվել է նաև ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք:

«Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել»,–ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: