Search
Close this search box.

Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գա եւ աշխատի. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։

«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես՝ ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց», — ասաց Քոչարյանը։

Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞՝ կմասնակցեն հարցաքննությանը, թե ոչ՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մերև հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել: Ես արձագանքում եմ՝ Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները եւ ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»:

Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։

Նշենք, որ այսօր առավոտյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում էր արել, որտեղ մասնավորապես, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:

«Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել»,-գրել էր նա: