Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ–ն Բաքվի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը, որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխով սահմանված սանկցիաները, հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և, թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է:

Կիրակոսյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարդատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության և Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման:

«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը։ Ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ է ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասաց Կիրակոսյանը:

Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։