Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ. Հրազդանում պարեկները 2 անգամ են կրակել քաղաքացու վրա, ձեռնաշղթաներ հագցրել եւ կապել ցանկապատից

Հրազդանում պարեկների կրակոցից մահացած քաղաքացու վրա կրակոցի երկու հետք է եղել, բազմաթիվ վնասվածքներ, նրա ձեռքին կացին չի եղել, ինչպես նաեւ կրակելուց հետո բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ թող ոստիկանությունը արձագանքի այս տեղեկություններին եւ բացատրություն տա սրա վերաբերյալ:

«Հրազդանում պարեկների կրակոցից սպանված տղամարդու վրա երկու կրակոց է եղել, բացի այդ կրակոցի պահին նրա ձեռքին կացին չի եղել, միգուցե մինչ այդ եղել է, բայց այդ պահին չի եղել, իսկ ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ կացին է եղելձեռքին այդ պահին, նույնիսկ եթե կացինով էլ լիներ, 15 հոգով կգտնեին ձեւ այդ կացինը ձեռքից խլելու համար: Խնդրում եմ այս հարցին պատասխանեք, ի վերջո՝ կացին եղել է, թե չէ: Բացի այդ հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու անգամ օդ է կրակվել, հետո նոր նրա ուղղությամբ, միգուցե հակառա՞կ է եղել, որովհետեւ նրա վրա հրազենային կրակոցի երկու հետք է եղել: Ըստ տեղեկությունների՝ այդ քաղաքացու ձեռքերի վրա ձեռնաշղթաների հետքեր են եղել, նաեւ տեղեկություններ կան, որ նրա վրա կրակելուց հետո ձեռնաշղթաներ են հագցրել եւ կապել ցանկապատից, բժշկական օգնություն չի ցուցաբերվել, խնդրում եմ այս մասով էլ բացատրություններ տվեք: Նաեւ հայտնի է, որ այդ մարդու ծնոտը կոտրված է եղել, ինչո՞ւ է կոտրված եղել այդ մարդու ծնոտը, ինչու էր այդ մարդու վրա բազմաթիվ բռնության հետքեր»,- ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ քրեական վարույթ հարուցվել նաեւ սպանության հատկանիշներով, եթե այդպես է ապա ինչու չկան ձերբակալված անձիք:

«Իմ տեղեկություններով տղամարդուն գնդակահարած պարեկը ազատության մեջ է, այնինչ նորմալ երկրում ոչ միայն ոստիկանապետը հրաժարական կտար, այլեւ մի խումբ ձերբակալված անձինք կլինեին: Ինչու եք այդ պարեկին թողել ազատության մեջ, արդյոք նա չի խոչընդոտի վարույթին, կամ կա որեւէ երաշխիք, որ մահացածի հարազատներից մեկը չ փորձի վրեժխնդիր լինել, թե դրանից հետո էլ կասեք, այ, տեսեք ոստիկանին սպանեցին, որովհետեւ նա ծառայություն էր իրականացնում»,- ասաց նա:

Իրավապաշտպանը նաեւ հայտնեց, որ այդ գոմը, որտեղ մտել է քաղաքացին գողանալու բան չի եղել, նաեւ այդ տարածքում եւ վարկած կա, որ գուցե այլ նպատակով է քաղաքացին մտել գոմ: