Search
Close this search box.

Կանայք արդեն պարտավոր են ստանձնել այդ պատասխանատվությունը. Մանե Թանդիլյանի հանդիպումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ

Քաղաքականությունն առաջնորդելու մասին է, և կանայք արդեն պարտավոր են ստանձնել այդ պատասխանատվությունը.

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսին է քաղաքականությունն առանց կանանց, ապա ձեռքով փակեք ձեր մի աչքը…այնպես ինչպես տեսնում եք՝ ոչ լիարժեք ու թերի, նույն պատկերն էլ ունի քաղաքականությունն առանց կանանց։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսպես սկսեց իր ելույթն ուսանողների հետ հանդիպմանը։

«Ժամանակակից առաջնորդություն. միտումներ և մարտահրավերներ» հանդիպումների շարքի շրջանակում Մանե Թանդիլյանն այցելել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ հանդիպելու տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողների հետ։ Համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ողջունեց նախաձեռնությունը՝ կարևորելով կանանց առաջնորդության մասին ևս մեկ անգամ խոսելու, մարտրահրավերները բարձրաձայնելու և կանանց ու աղջիկներին աջակցելու ծրագրերը։

Այնուհետև, մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Մանե Թանդիլյանը։

Ո՞րն է ժամանակակից առաջնորդությունը, ինչ հատկանիշներ պետք է ունենա առաջնորդը, և առաջնորդությունն ունի՞ արդյոք սեռական խտրականություն. Մանե Թանդիլյանի ելույթից առանձնացրել ենք ուշագրավ հատվածները.

Առաջնորդությունն ու կանանց ներգրավածությունն այդ համատեքստում

Դրականն առաջ մղելը, բարեփոխումները, հասարակության և աշխարհի համար որևէ լավ բան անելն ունի առաջնորդման կարիք, հետևաբար, առաջնորդությունը բնական ու կարևոր երևույթ է, որովհետև առանց դրա փոփոխության հասնել հնարավոր չէ։

Ինչպես համոզված եմ, որ ժամանակի հետ փոխվել և փոխվում են առաջնորդների կերպարները, այնպես էլ խորապես համոզված եմ, որ ավելի շատ կանայք պետք է ստանձնեն այդ առաջնորդությունը։ Շատ կարևոր եմ համարում, որ այս դիսկուրսում ներգրավված լինեն նաև տղամարդիկ, ու շատ ուրախ եմ դահլիճում ակտիվ տղաներ տեսնելու համար։ Իսկ կարևոր եմ համարում, որովհետև, երբ խոսում ենք կին-տղամարդ ներգրավածության մասին, ամենևին էլ նկատի չունենք իրար հակադրվելը։ Ընդհակառակը… մենք պետք է տեսնենք այնպես, ինչպես տղամարդիկ. աշխարհում միակողմանի ոչինչ չի լինում, և առաջնորդությունը պետք է լինի միասին, զուգահեռ, համագործակցային։