Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ամերիկյան MQ-9 անօդաչուն սեփական կտրուկ մանեւրների պատճառով ընկել է Սեւ ծովը, ռուսական կործանիչները նրա հետ շփման մեջ չեն մտել, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Այստեղ նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ղրիմի շրջանում։ Գերատեսչության տվյալներով՝ դրոնը, որի տրանսպոնդերներն անջատված են եղել, թռել է Ռուսաստանի ուղղությամբ՝ խախտելով օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմը, որը մտցվել է հատուկ ռազմական գործողության իրականացման համար։

Անօդաչուի հայտնաբերումից հետո օդ են բարձրացել հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կործանիչները։

«Կտրուկ մանեւրման հետեւանքով Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 9.30-ին MQ-9 անօդաչու թռչող սարքը կորցրել է բարձրությունը եւ բախվել ջրին»,- տեղեկացրել են պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական կործանիչները զենք չեն կիրառել եւ շփման մեջ չեն մտել դրոնի հետ։ Թռիչքից հետո նրանք բարեհաջող վերադարձել են կայանատեղի։

Այսօր, ավելի վաղ, ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը հայտարարել էր, որ ռուսական Սու-27 կործանիչը Սեւ ծովի երկնքում բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչուի հետ։ Այստեղ նշել են, որ դրանից հետո դրոնն ընկել է միջազգային ջրեր։ Հավաստիացվել է, որ միջադեպից ոչ շատ առաջ Սու-27-ն, իբր, «ոչ անվտանգ մանեւրներ» է կատարել։