Search
Close this search box.

Պաշտոնական նոր հաղորդագրություն Արցախից

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:
Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն:

Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին ՈւԱԶ մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում:

ԱՀ ներքին գործերի նախարարություն