Search
Close this search box.

Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Լրագրողի այդ հարցին եւ խնդրանքին՝ բացասական պատասխանի դեպքում ուղիղ հայտարարել, որ ինքը Արցախը երբեք չի տեսնում Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ կրկին խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունից եւ իրավունքներից։

«Հայաստանի Հանրապետության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո եւ այս շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է։ Ես ինչ եմ տեսնում, ինչ՝ ոչ, էական չի, էական է, թե ինչ է տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, եւ էական է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյոք հնարավորություն ունի հետապնդել իր իրավունքներն ու անվտանգության հարցերը։ Սա շատ կարեւոր նրբություն է»,– նշեց նա։

Փաշինյանը դրական պատասխան տվեց հարցին՝ արդյոք ինքը որեւէ բանով կաշկանդված է՝ հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Ես կաշկանդված եմ շատ բաներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությամբ, ձեր, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, սուվերենությամբ, անկախությամբ, Հայաստանի պետական շահերով, իհարկե, կաշկանդված է »,– ասաց նա։