Search
Close this search box.

Արցախի պետնախարարը հաղորդագրություն է տարածել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են առևտրի կետեր, ևս մեկ անգամ զգուշացրել ու պարզաբանել գործող իրավակարգավորումները։ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 5 վարչական վարույթ, իսկ հայտնաբերված խախտումները տեղում վերացվել են։
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների շրջանառության ու իրացման հատուկ կարգի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որի համար սահմանված է տուգանք 500․000-1․000․000 դրամի չափով։

Միաժամանակ իրազեկում ենք, որ վերահսկողական դիտարկումները կրելու են ամենօրյա բնույթ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են պատասխանատվության։ Քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ապրանքի վաճառքի՝ թույլատրելիից բարձր գին նկատելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ զանգելով 5099 կարճ համարին։

Մեր ներքին կարգապահությունը, օրենքի ու բարոյականության նկատմամբ անվերապահ հարգանքը պետք է դարձնենք կենսակերպ, որից շեղումը պետք է դատապարտելի լինի ոչ միայն պետության, այլև հանրության կողմից»: