Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։

Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարեւոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։ Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաեւ մի ամբողջ կյանք էր։

Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջեւ ծառացած բազում անվտանգային եւ այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար եւ, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչեւ հասնենք խաղաղ նավահանգիստ։

Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք:

Ցանկանում եմ նաեւ շնորհավորել ու բազում հաջողություններ եւ անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Ani Badalyan-ին։ Անի ջան, բարի երթ։

Վերջում նշեմ, որ շարունակելու եմ դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում»,- գրել է նա։