Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվող Սեւանը սաղին «քցել է». «Ֆլեշ» ընկերության նախկին փոխտնօրենը ցուցմունք տվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հարցաքննվել է գործով վկաներից Եղիշե Խաչատրյանը:

Գործով վկան պատմել է, որ սկզբում չէր էլ հիշում գյուղնախարարության մրցույթի մասին, բայց նախաքննության ընթացքում որոշ փաստաթղթեր տեսնելուց հետո, հիշել է, որ «Ֆլեշ» ընկերությունը գնային առաջարկ է ներկայացրել այդ մրցույթում. «Հնարավոր է, որ իրենք կառավարության որոշումով այդ գործընթացը տվել են «Ֆլեշ» ՍՊԸ-ին՝ կատարելու համար»:

Ըստ վկայի՝ «Ֆլեշ» ընկերության առաջարկած գինը պայմանավորված է եղել նաեւ դիզվառելիքի որակով. «Սեւանը չէր կարող այդպիսի վառելիք բերել, քանի որ պարսկական էր բերում միշտ: Այդպիսի դիզվառելիք Իրանից չէին կարող բերել, որ համապատասխաներ ձմեռային պայմաններին, մենք բերում էինք Եվրոպայից»:

Եղիշե Խաչատրյանը նշել է, թե Սեւան Քոչարյանի ընկերությունը չէր կարող ծրագրի պայմաններն ապահովել, եւ, որ դա ի վիճակի էին անել միայն շուկայում գործող խոշոր ընկերությունները.

«Ես քննիչին Սեւանի մասին շատ բան չեմ պատմել, չեմ ուզեցել. առանձին իրեն ասել եմ, որ սենց-սենց, բայց չի գրանցվել, չեմ թողել, որ գրանցի: Սեւանը, որտեղ որ աշխատել է, քցել է բոլորին: Աշխատում էր ՎԻԱԴ ֆիրմայում, հանեցին, որովհետեւ քցել էր իրանց: Յուղի ֆիրմա էր հիմնականում, բայց դիզվառելիքով էլ էր զբաղվում: Սեւանը դիզվառելիքից բան չի հասկանում, ինքը գիտի՝ դիզվառելիքը ապրանք ա, որն առնում-ծախում են, բայց թե դա ինչ ապրանք ա, իր պարամետրերն ինչ են»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։