Search
Close this search box.

«Պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:

Լրագրողի ճշտող հարցին, թե այս պահին ՀՀ իշխանությունների հետ մոտեցումների տարբերություններ չկա՞ն, պետնախարարը պատասխանում է` «որևէ կերպ»:

Ստացվում է, որ ըստ Արցախի պետնախարարի` ՀՀ իշխանությունների հնչեցրած այն մոտեցումները, թե միջազգային հանրության տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է», «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում», «Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ», «Արցախը 120 հզ. հայերի պատճառով ՀՀ 3 մլն մարդու կյանքը վտանգի չենք ենթարկելու», «Արցախի հարցում ՀՀ-ն այլևս պատասխանատվություն չունի» ոչ միայն համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը, այլ նաև արտահայտում է արցախցիների կամքը:

Ի՞նչ ասեմ` պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում, և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում:

Արցախի իշխանությունը, քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այս հայտարարության վերաբերյալ` կիսում ե՞ն դիրքորոշումը, թե՞՝ ոչ:

Ներողություն եմ խնդրում լավատեսությանս համար, բայց հուսով եմ, որ պետնախարարը, հաշվի առնելով այդ ոլորտում անփորձությունն ու շփոթմունքի հավանականությունը, կհայտարարի, որ իր խոսքը ճիշտ չի հասկացվել կամ ձևակերպվել:

Լավատեսությանս հիմքում ոչ այդքան օբյեկտիվ գործոններն են, այլ զուտ մեծ ցանկությունս, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամեր չլինեն, պատասխանատու դեմքերը չձախողվեն, իսկ հայկական շահը չտրորվի»: