Search
Close this search box.

Աղդամում, Բաքվում կամ Գյանջայում ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ նախատեսված չեն. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կկայանան Բաքվում, Գյանջայում, Աղդամում, իրականության հետ առնչություն չունեն։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

Արցախյան կողմը հանդես է գալիս միջազգային ձևաչափով բանակցային գործընթացի վերականգման օգտին, որտեղ Արցախը հանդես կգա որպես բանակցային գործընթացի լիիրավ անդամ։ «Ամենից կարևորը, որ նման բանակցային գործընթացում մեր կողմից Արցախի օրինական ձևով ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցն է նշվում», – հայտարարել է նա։

Արցախի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ողջունում է բոլոր միջնորդական ջանքերը, որոնք միտված են ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Ղազարյանը հայտնել է, որ փետրվարի 24-ին և մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև նախորդ նմանատիպ հանդիպումները մշտապես տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Ինչ վերաբերում է տեխզննման սարքերի գոյությանը և տեղադրմանը, ապա արցախցի պաշտոնյան նշեց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ ադրբեջանական կողմն այդ տեխզննող սարքերից չպետք է որևէ տեղեկություն ստանա, իսկ ռուսական կողմի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել մարտի 1-ին Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները մարտի 1-ին անցկացրել են շաբաթվա երկրորդ հանդիպումը։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի է ունեցել փետրվարի 24-ին։